ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ ԲԱՑՎԱԾ Է
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ հանրապետությունում արդեն հինգերորդ անգամ կազմակերպվում է Ազգային գրադարանային շաբաթ,որն այս տարի կանցկացվի ապրիլի 3-10-ը:
«Տարբեր գրադարանային շաբաթներ ունեցել են տարբեր շեշտադրություններ, այս անգամվա կարգախոսն է «Գրադարան՝ քաղաքակրթությունների խաչմերուկ»: Գրադարաններում են նաեւ ձեւավորվում եւ ընթացք ստանում ժողովրդավարական զարգացումները, այդտեղ է հասարակությանը մատչելի դառնում ազատ տեղեկատվությունը»,- ասաց Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը:
Այսօր հանրապետությունում գործում են 1000-ից ավելի գրադարաններ: Ըստ տնօրենի` մի շարք գյուղապետերի անհոգության հետեւանքով կարող են փակվել գյուղական գրադարանները, որը «նույն է, թե գյուղացին դատապարտվի հասարակության անլիարժեք անդամը դառնալու ողբերգական կարգավիճակին»:
Շաբաթվա ընթացքում կկազմակերպվեն գրքի քննարկումներ, ցուցահանդեսներ, տոնավաճառներ: Առանձին օրեր եւ միջոցառումներ կնվիրվեն մայրենի լեզվին, ընթերցանությանը, մշակութային հիմնախնդրիների վերլուծությանը: Հանրապետության դպրոցներում կհայտարարվի շարադրությունների մրցույթ «Իմ սիրած գիրքը», «Իմ գրադարանը», «Ի՞նչ է ընթերցանությունը» թեմաներով: Լավագույն աշխատանքները կարժանանան դրամական եւ գրքային մրցանակների, կհրատարակվեն առանձին գրքով: Միջոցառման կազմակերպիչները կօգնեն գրադարաններին վերականգնել վնասված գրքերը:
Բացման արարողությանը ներկա էր նաեւ Հանրապետության առաջին տիկինը` Բելլա Քոչարյանը,որը, սակայն, ելույթ չունեցավ:
Այսօր Ազգային գրադարանում ընթերցվեց վարչապետի ուղերձը, որում մատնանշվում էին գրադարանների առաջ ծանրացած հիմնախնդիրները` շենքային անբավարար պայմաններից սկսած մինչեւ գրադարանային ֆոնդի ոչ լիարժեք համալրումն ու դրանց պահպանման ոչ ժամանակակից պայմանները:
ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Արամ Կարապետյանը մինչ ընթերցելը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը՝ արտահայտվեց.« Թերեւս ոչ մի անգամ այսքան չի ահագնացել գրքի կորստյան վտանգը, ինչպես այսօր, եւ ոչ մի անգամ էլ չի ընդգծվում գրքի դերն ու նշանակությունը, ինչպես այսօր: Մի տեսակ խախտվել է հայ մարդու եւ գրքի դարավոր դաշինքը ի վնաս մարդու, որը կարծես մղում է հայ մարդուն դեպի հոգու սով»:
Գրադարանային շաբաթվա բացման արարողությանը մասնակցում էր նաեւ Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Ջորդաշն ու իր տիկինը: «Իմ ներկայությունն ունի մի քանի անձնական եւ ընդհանուր պատճառներ: Անձնական տեսակետից, որ իմ ամբողջ կյանքը կապված է եղել գրքի հետ: Բացի այդ, այս հաստատությունում է մի մեծ պահեստ ռումինական գրականության: Երկրորդ՝ Ռումինիայում 19-րդ դարում՝ Վերածննդի դարաշրջանում, վերածնողը գրականության եղել է ազգությամբ հայ՝ Սպիրուխարեթը: Նա իր արժանիքների համար դարձել է կրթության նախարար»,-ասաց դեսպանը:
ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ
Գեղարքունիքի մարզի Գավառի գրադարանն ունի 8000 ընթերցող եւ 70 000 կտոր գրականություն: Հիմնական ընթերցողը ուսանողություն է: «Ոչ միայն մենք, այլ նաեւ մեր ընթերցողները սպասում ենք այս շաբաթվան, քանի որ Ազգային գրադարանը գրքեր է տալիս, մեզ մոտ չեղած գրականությունը ձեռք ենք բերում այստեղի աբոնոմենտային բաժնից»,- պատմում է գրադարանի տնօրեն Մարիետա Ամիրխանյանը:
Ըստ նրա, մարզում կան 128 համայնքային, եւ մանկական գրադարաններ, որոնք տեղական իշխանություններին հանձնելուց հետո լրիվ քայքայվել են: «Համայնքապետերը ոնց ուզում են, այնպես էլ շարժվում են, երբեմն անգամ փակում են»,- պատմում է տիկին Ամիրխանյանը եւ հավելում. «16 տարի է, ինչ ոչ մի տպագիր արտադրանք չենք ստացել՝ ոչ թերթ, ոչ գիրք, ոչ ամսագիր»:
Ի դեպ, մինչ օրս Գեղարքունիքի մարզում փակվել 4-5 գրադարան: