Ապակիների մգեցվածության արգելքը՝ հակասահմանադրական (տեսանյութ)
Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության մասին օրենքը հակասահմանադրական է։ Այսօր լրագրողերի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ նույնանման իրավիճակներում նույն նորմերով մի վարորդը տուգանվում է, մյուսը՝ ոչ։ «Ասում են՝ քո լուսաթափանցելիությունը լավ է, կարող ես երթեւեկել»,-նշեց Հովհաննիսյանը՝ պարզաբանելով, որ նույն չափով գործարանային մգեցված ապակիներով մեքենայի վարորդին չեն տուգանում, իսկ ահա սեփական միջոցներով մեքենայի ապակիները թաղանթապատած մեքենայի վարորդին տուգանում են։ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ խնդրի վերաբերյալ իրենք նամակ են ուղարկել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որը այն վերահասցեագրել է Արդարադատության նախարարությանը, վերջինս էլ՝ ճանապարհային ոստիկանությանը։ Սակայն «Աքիլեսը» կանգ չի առնելու, պատրաստ են անգամ դիմել դատարան։ Պարոն Հովհաննիսյանին անհանգստացնում է եւս մեկ հարց՝ ինչու՞ է ՃՈ-ն հայտարարում, թե ստուգելու են միայն դիմային ապակիների մգեցվածությունը, իսկ կողայիններինը՝ ոչ, եւ ինչու՞, ունենալով սարքեր՝ ՃՈ աշխատակիցները դրանցով չեն իրականացնում ապակիների մգեցվածության չափումը։