Դատաբժշկական փորձաքննություն՝ ԼԳԲՏ ակտիվիստների գործով
Փետրվարի 16-ին Երեւանում մի խումբ անձանց կողմից ԼԳԲՏ ակտիվիստների նկատմամբ փողոցում ֆիզիկական հարձակման հետեւանքով ոստիկանությունում հետաքննություն է կատարվում եւ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: «Բեկում» ժողովրդավարության աջակցության կենտրոն ՀԿ-ն հայտարարություն էր տարածել եւ նշել, որ ոստիկանությունը անգործություն է դրսեւորում, մինչեւ հիմա հանցագործություն կատարած անձանց անունները հայտնի չեն: Դեպքի մասին էլ ոստիկանության կայքում ոչինչ տեղադրված չէ: « Բոլոր դեպքերը կայքում չեն տեղադրվում»,- ասացին լրատվական ծառայությունից: Ի դեպ, ոստիկանությունից միաժամանակ տեղեկացրին, որ հարձակման ենթարկված անձը չի դիմել ոստիկանություն: Միայն դեպքի հաջորդ օրը դիմել է բժշկական կենտրոն եւ այնտեղից են ահազանգել ոստիկանությանը: Այսօր հայտարարություն է տարածել նաեւ «Փինք Արմենիա»-ն՝ կոչ անելով իրավապահ մարմիններին պատշաճ քննել կազմակերպության աշխատակիցների և ԼԳԲՏ ակտիվիստների դեմ հարձակումը: Ըստ հաղորդագրության 3 անհայտ անձինք Երևանի կենտրոնում հարձակվել եւ ծեծել են 5 ԼԳԲՏ ակտիվիստների, որոնցից 2-ը` Փինք Արմենիայի աշխատակիցներ են: «Ելնելով հարձակվողների հնչեցրած սեռական կողմնորոշմանն ուղղված արտահայտություններից ու հայհոյանքներից` Փինք Արմենիան դեպքը դիտարկում է որպես ատելության հիմքով հանցագործություն: Փինք Արմենիան խստորեն դատապարտում է մարդկանց սեռական կողմնորոշման հիմքով բռնություն գործադրողներին և այն արդարացնողներին: Տարիներ ի վեր իրավապահ համակարգը Հայաստանում անտարբերության է մատնում ԼԳԲՏ անձանց հասցեին ուղղված սպառնալիքները և ատելության կոչերը` առկա դիմում-բողոքները կարճելով` «հանցակազմի բացակայության» հիմքով»,- նշված է հայտարարության մեջ: