«Պատկերասրահն են քանդում, հասեք, փրկեք, չկա նման բան» (տեսանյութ)
Երեւանում ոչ մի հուշարձան չի քանդվի. վստահեցնում է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, նա անձամբ է երաշխավորում. «Ուղիղ Դոլմամայի դիմաց, Աբովյանի անկյունում կա հուշարձան շենք, որը նույն կառուցապատողինն է եւ այնտեղ էլ կան նկուղներ, որոնք ամբողջությամբ պահպանվել ու զարգացել են, վստահ եմ, որ այս նկուղներն էլ չեն քանդվի: Երբ որ լինի առաջադրանք, առաջադրանքում կամրագրվեն սահմանափակումներ՝շենքերն ու նկուղները կպահպանվեն, եթե արժեքավոր են։ Ես այդ գինետան նկուղում չեմ եղել, չգիտեմ»: Օրեր առաջ «Հին Երեւան» նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանը հայտարարել էր, որ Արամի 30-ի շենքը արժանի չէ իր նախագծում հայտնվելուն: «Ա1+»-ը հետաքրքրվեց Նարեկ Սարգսյանից, թե կպնդի՞ նա արդյոք, որ Արամի 30-ը հայտնվի նախագծում. «Լեւոն Վարդանյանը նախագծի ճարտարապետն է , իսկ առաջադրանքը տալիս են իշխանությունները, տվյալ դեպքում քաղաքապետարանը եւ ես, քանի որ պայմանագիրը կառուցապատողի հետ ես եմ ստորագրել: Մենք ուղղակի առաջադրանքում պարտադիր կամրագրենք Արամի 30-ը»: Ինչ վերաբերում է նախագծի կառուցման ժամկետներին, նա վստահեցրեց, որ այս տարի արդեն աշխատանքները տեսանելի կլինեն. «Մեծ տարածք է 2,5 հա, եւ կառուցապատողը որոշակի պայմաններ ունի, եւ այդ պայմանները ընդունելի են իրացման մասով, այսինքն՝ մինչեւ ապրիլի վերջ դեռ պետք է տարածքներ իրացնենք, որպեսզի այնտեղ լայնածավալ աշխատանքներ սկսվեն»: Նարեկ Սարգսյանին նաեւ զարմացնում են մամուլում հայտնված լուրերը. «Անընդհատ տեսնում եմ լուրեր, թե պատկերասրահն են քանդում, հասեք, փրկեք, չկա նման բան: Քաղաքապետարանի եւ կառավարության օրակարգում նման բան չկա։ Պարզապես ասել են, որ ժամանակին մեծ աղմուկ է եղել այդ շենքի կառուցման համար, 70-ական թվականներին էր, ես ուսանող էի, հիշում եմ, ասում էին որ դա հակասում է Թամանյանի կոնցեպցիային: Բայց այն կառուցվել է եւ Հրապարակի բաղկացուցիչ մասն է, ոչ ոք չի ուզում այն քանդել»: Ըստ քաղաքաշինության նախարարի՝ կան կառույցներ, որոնք քանդել պետք է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, այդպիսին էր Աֆրիկյանների շենքը. «Այնտեղ փողոցի լայնացման խնդիր կար»: «Ա1+»-ի հարցին, թե անհրաժեշտությո՞ւն էր արդյոք Երիտասարդական պալատի շենքը քանդելը, Նարեկ Սարգսյանը պատասխանեց. «Այդ տարիներին չեմ աշխատել, պարզապես ասել եմ, որ եթե կոնստրուկտիվ անհրաժեշտություն կար, ապա պետք չէր մրցույթ հայտարարել, պետք էր կառուցապատողին տալ եւ պարտադրել նույն շենքից կառուցի՝ ժամանակակից պահանջներին համապատասխան: Բայց մրցույթ անցկացվեց, ու հաղթեց ճապոնական ընկերություն, բարեբախտաբար այդ շենքը չկառուցվեց, որովհետեւ ահռելի չափերի էր: Հիմա մենք, պարզ ասեմ, օրենսդրական լուծումներ ենք փնտրում, որ նման դեպքերում կտրուկ քայլերի դիմենք: Ուզում ենք ավելացնել պատժամիջոցները, որպեսզի օրենքով ստիպենք կամ վաճառեն իրենց հողամասը, եթե չունեն ներդրումներ, կամ կառուցեն եւ քաղաքը նման վիճակում չլինի, որովհետեւ այն շատ վատ է ազդում նաեւ ներդրողների վրա: Նրանք գալիս են, այս վիճակը տեսնում են ու չեն ուզում ներդրումներ անել»: