Մահը թակում է դուռդ, իսկ դու վարձով ես ապրում (տեսանյութ)
Գերակա հանրային շահն այս մարդկանց զրկել է ոչ միայն տներից. Կենտրոնի նախկին բնակիչներն այսօր Կառավարության շենքի մոտ բարձրաձայնում էին,որ չգիտեն՝ ինչ անել, երբ մահը թակում է իրենց դուռը։ «Քանի որ վարձով են ապրում, տան տերը չի թողնում, ասում է իմ տնից մարդու աճյուն դուրս չգա, հիմա էս մարդը որտե՞ղ անի: Եկեղեցում, որ դնում են, այնտեղ թանկ է, չեն կարողանում, տանից հանել չեն կարողանում, ի՞նչ անել»,-ասում է Նադյա Ծառուկյանը: Իսկ Կարինե Աղաբալյանը նշում է՝ մայրը 90 տարեկան կին է եւ արդեն 7 տարի է՝ ապրում է վարձով: «Գալիս է տան տերը, ասում է գիտեք ինչ դուք գնացեք, ես չեմ ուզում իմ տնից մեռել հանեն»: Փետրվարի 4-ին Գայանե Բալագյոզյանին ընդունել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա վարչապետին էր ներկայացրել «Գլենդել Հիլզ» ընկերության հետ առնչվող բնակարանային խնդիրը: « Ինքը խոսք տվեց անձամբ զբաղվել, բայց ես զանգ տվեցի ոչ մի որոշակի պատասխան չկար: Ինձ իմ Կենտրոնի 400 մետր հողի համար առաջարկում են «Գլենդել Հիլզ»-ում գաջած եւ ցեմենտի հատակով բնակարան, բայց պայմանագրով նախատեսված է վերանորոգված բնակարան: Ես համաձայն եմ, դա էլ արժան չեն տեսնում»,- ահազանգում է նա: Կառավարության շենքի մոտ էին նաեւ հաշմանդամություն ունեցող օդաչուները՝ թոշակները հատկացնելու պահանջով։ Այս հարցով նրանք հանդիպել են նաեւ Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի հետ: «Բոլորը ընդունում եմ, որ այո ձեր իրավունքները խախտվել են: Վերջին պատասխանը գիտեք ինչ եղավ՝ դա մեր ուժից վեր է»,- ասում է նախկին օդաչու Սեյրան Սարգսյանը: Այսօր էլ կառավարությունից ոչ ոք չընդունեց նրանց :