Եթե ունես լավ գաղափար, ապա կիսվիր (տեսանյութ)
«Երիտասարդական աշխատանք» հասկացությունը Անգլիայում առօրյա խոսակցության մակարդակում է։ Սա աշխատանքի այն տեսակն է, որը իրականացնում են երիտասարդները՝ օգնելով իրենց հասակակիցներին ու նաեւ փոքրերին տարբեր ոլորտներում։ Բիրմինգհեմում հավաքվել էին 30 երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից՝ փորձի փոխանակման նպատակով։ Դասընթացի մասնակից Մայք Քոլիերն ասում է. «Ես իսկապես ուրախ եմ, որ ներգրավված եմ այս նախագծում: Շատ հետաքրքիր է հանդիպել տարբեր երկրներից ժամանած մարդկաց, որոնք ընդգրկված են երիտասարդական աշխատանքում եւ պատրաստ են նոր գիտելիքներ ձեռք բերել դրա վերաբերյալ: Երիտասարդական աշխատանքի մեջ ամենից հետաքրքիրը տարբեր մարդկանց հանդիպելն է, ում հնարավորություն է ընձեռված եւ ովքեր ի վիճակի են գործել հանուն երիտասարդության: Բացի այդ երիտասարդները հնարավորություն ունեն իրենք որոշել իրենց մասնակցությունը այդ գործընթացներին, եւ երիտասարդական աշխատանքը բացառիկ է նրանով, որ այն իրականացվում է թիմի անդամների հետ համատեղ: Հետևաբար ուժերը հավասար են, եւ յուրաքանչյուրի կարծիքը հաշվի է առնվում: Իմ խորհուրդը այդ ամենը խելացի ձևով սկսելու մեջ է: Երիտասարդները պետք է սկսեն այն խնդիրներից, որոնք իրապես առկա են նրանց շրջանում»: Երիտասարդներին հուզող խնդիրները տարբեր էին։ Հայ մասնակիցներին առավելապես հուզում էին կրթական հարցերը։ Ոչ ֆորմալ կրթությունը կլինի այդ հարցերի լավագույն լուծումը։ Ռումինացի Ռազվանը կարեւորում է սեփական նախագծերի ստեղծումը. «Նման վերապատրաստումները շատ օգտակար են: Ունենք նոր մտահղացումներ: Հուսամ՝ վերապատրաստման շնորհիվ ձեռք կբերենք գործընկերներ ու կիրականացնենք մեր գաղափարները»: «Երիտասարդական աշխատանք»-ի վերապատրաստման դասընթացի կազմակերպիչ Պաուլին Գրեյսը հատուկ խորհուրդներ ունի, որոնք հիշեցնում է գրեթե բոլոր հանդիպումներից հետո. «Այս վերապատրաստման ծրագիրը իսկապես փորձում է օգնել մարդկանց ստեղծել սեփական նախագծեր: Իմ առաջին խորհուրդն է լավ հարաբերություններ հաստատել մնացած մասնակիցների հետ, քանի որ լավ փոխհարաբերությունները շատ հարցեր կարող են լուծել: Երկրորդ խորհուրդս այն է՝ երբ դու ունես լավ գաղափար, ապա կիսվիր դրանով մյուս մասնակիցների հետ, քանի որ մեկը կարող է լավ գրել իմանալ, մյուսը լավ հաղորդակցվել, եւ միասին դուք ավելի լավ գաղափարների կհանգեք: Երրորդ խորհուրդս այն է, որ անհրաժեշտ ժամանակ տրամադրեք ձեր գաղափարն ամբողջացնելու համար, որը կարող է տևել երեք ամսից մինչև վեց ամիս»: «Երիտասարդական աշխատանք» վերապատրաստման դասընթացը կազմակերպվել էր Եվրամիության «Էրասմուս +» ծրագրի շրջանակներում։