Ավելի շատ զոհ՝ արտակարգ պատահարներից (տեսանյութ)
2015 թվականի համեմատությամբ՝ հունվար- փետրվար ամիսներին գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների թիվն անհամեմատ շատ է եղել. տարին այսօր ամփոփեց ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը. «Ձմռան ամիսներն աչքի ընկան առատ տեղումներով, ինչը նպաստեց տրանսպորտային միջոցների արգելափակմանը: Շուրջ 559 արգելափակման դեպք գրանցվեց, առաջին անգամ առավելապես դժվար անցանելի հատվածներում կիրառվեցին հատուկ միջոցներ։ Միայն վրաններում շուրջ 700 մարդու ցուցաբերել ենք օգնություն, իսկ եթե գիշերելու խնդիր կար՝ստեղծվել էին մնալու պայմաններ»: Զոհերի գերակշիռ մեծամասնությունը գրանցվել է տեխնածին արտակարգ դեպքերից. Գրանցվել է 386 զոհ, որոնցից 346-ը միայն ճանապարհատրանսպորտային պատահարներից է: Հրդեհների, թունավորումների, ճանապարհատրանսպորտային պատահարների դասին բաժին ընկավ 95 տոկոսը: Գրանցվեց 6677 հրդեհ, որոնցից զոհվեց 32, տուժեց 40 մարդ: Թեեւ տուժածների թվաքանակը 17-ով նվազել է՝ 2014-ի համեմատությամբ, բայց 3-ով աճ գրանցվեց զոհերի թվով: Խոտածածկ տարածքներում 4000-ից ավելի հրդեհ է տեղի ունեցել, թունավորման՝ 3908 դեպք, ինչից զոհվեց 43, տուժեց՝ 4331 մարդ: