Գասպարիին բերման են ենթարկել «Շտապ օգնության» մեքենայով (տեսանյութ)
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին այսօր ոստիկանները տնից բերման են ենթարկել «Շտապ օգնության» մեքենայով: Այս մասին «Ա1+»-ին ասաց Վարդգես Գասպարին: Նրա խոսքերով՝ մինչեւ հիմա ոստիկաններից չի կարողանում ստանալ հարցի պատասխանը՝ ո՞ր նորմն է թույլ տալիս մարդուն բերման ենթարկել նիստից երեք ժամ առաջ: Հիշեցնենք, որ այսօր Գասպարիի գործով հերթական դատական նիստն է եւ դատավոր Նելլի Բաղդասարյանը նրան բերման ենթարկելու որոշում է կայացրել: Գասպարիին ավելի շատ զարմացնում է այն փաստը, որ արդեն «Շտապ օգնության» մեքենայով են բերման ենթարկում իրեն: «Շտապ օգնությունը ոստիկանության ենթակայության տա՞կ է գործում, ես չեմ հասկանում: Երբ ես փորձեցի պարզել՝ Շտապ օգնությունից ինձ փոխանցեցին, որ պետական մարմնից կանչ է եղել, որ Գասպարին ծանր վիճակում է, դրա համար էլ եկել են»,- «Ա1+»-ին ասաց Վարդգես Գասպարին: «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանությունը անհանգստացել է Գասպարիի առողջական վիճակով, այդ իսկ պատճառով էլ ներգրավվել են «Շտապ օգնության»-ը՝ նրան ապահով տեղ հասցնելու համար: