Գյումրիում Պերմյակովի դատն է. ցուցմունք է տվել նրան ձերբակալած անձը
Գյումրիում այսօր շարունակվում է Ավետիսյան ընտանիքի 7 անդամներին սպանած Վալերի Պերմյակովի դատավարությունը: ՌԴ 102-րդ ռազմաբազայում այսօր ցուցմունք էր տալիս Վալերի Պերմյակովին սահմանը հատելուց ձերբակալած Միխայիլ Խաչատրյանը: Նա պատմեց, որ սահմանին՝ պոմպակայանի մոտ, լապտերի լույս է նկատվել եւ պարզվել է, որ Պերմյակովը փորձել է սահմանը հատել: «Ո՞վ է» հարցին, Պերմյակովը պատասխանել է. «Ձերոնցից եմ»: Այնուամենայնիվ, նրան հրաման է տվել գետնին պառկել եւ նախազգուշական կրակոց է արձակել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանի խոսքերով՝ վկայի ցուցմունքից պարզվեց, որ հայկական եւ ռուսական կողմերը իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել: Հակառակ դեպքում՝ Պերմյակովը կհանձնվեր հայկական, այլ ոչ թե ռուսական կողմին: Այս պահին շարունակվում է վկայի հարցաքննությունը: Ուղիղ հեռարձակումն էլ իրականացվում է առանց ձայնի: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն էր նման միջնորդությամբ հանդես եկել, եւ դատարանը բավարարել էր միջնորդությունը: Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել իրեն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներում: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա 28 կրակոցով տեղում սպանել է Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին, իսկ մանկահասակ 6 ամսեկան Սերյոժա Ավետիսյանին ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված էր հասցրել՝ վնասելով կենսական լուրջ օրգանները: