Ծաղիկ կովը գնացել է շնորհավորելու Նազիկ կովի Նոր տարին եւ վարակվե՞լ է (տեսանյութ)
Հայաստանում դաբաղի համաճարակ չկա եւ չէր կարող լինել. վստահ է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց. «Դաբաղը հազվագյուտ երեւույթ է: Երբ անասնագլխաքանակը մսուրային պահվածքում է, չէր կարող դաբաղի համաճարակ լինել: Կարող է մեկ-երկու դեպք լիներ, երբ առանձին գոմում անասունը սատկեր: Ի՞նչ է՝ ուզում են ասել, որ Ծաղիկ կովը բոմբոներկայով գնացել է շնորհավորելու Նազիկ կովի Նոր տարին եւ վարակվե՞լ է: Մի տարի էլ այսպես Բելառուսի ճանապարհը փակեցին, որը կարտոֆիլ էր ներկրում Լեհաստանից եւ վաճառում Ռուսաստանին: Ես կարծում եմ այս սանկցիաները կապված են ուկրաինական կաթի փոշու հետ, որը Հայաստանը ներկրում է, վերամշակում եւ վաճառում: Ինչ-որ տեղ հասկանալի է, որ չունենալով հարաբերություն այդ պետության հետ, չեն ցանկանում, որ դրա արտադրանքը հայտնվի իրենց երկրում»: Հրաչ Բերբերյանն անդրադարձավ նաեւ բերքի արտահանման խնդրին՝ նշելով, որ նախորդ տարի պտուղ-բանջարեղենի արտադրության եւ արտահանման մեծ ծավալներ են եղել, եւ հավանական է, որ այս տարի բնությունը հանգստանա: «Դրա համար մեր ուղղությունը պետք է փոխենք, հատկապես լոլիկի արտադրության ոլորտում՝ խթանելով տոմատի մածուկի արտադրությունը, նաեւ կարտոֆիլինը: Մենք 1000 տոննա կարտոֆիլի տնկանյութ ենք ներկրելու, խնդիր չենք ունենա կարտոֆիլի հետ: Բանակցել ենք արտահանումների հետ կապված լուրջ ընկերությունների հետ եւ արդեն գարնանը կարող են վաղահաս կարտոֆիլ, բանջարեղեն արտահանել ՌԴ»,-նշեց Բերբերյանը՝ հավելելով, որ այդ նպատակով 3000 հազար տոննա սերմ են նախատեսել Արարատյան հարթավայրի ֆերմերների համար, որը նրանց կբաժանվի անվճար: