Նախագծի խախտմամբ կառուցված շենքը բնակիչներին զրկում է արևի լույսից
Հինգերորդ տարին է, ինչ Նալբանդյան փողոցի բնակիչները բողոքում են 106/1 շենքի շինարարության համար, որն, ըստ նրանց՝ բազմաթիվ անօրինականություններով է արվում: Կառուցապատողն «Ավագ Շին» ՍՊԸ-ն է, որից որևէ հեռախոսահամար գրանցված չէ: Չնայած շենքի դիմաց փակցված նախագծում նշված է, որ շենքը պետք է լինի 6 հարկանի/ եւ 1 կտուրային հարկ/, արդեն կառուցված է 7 լիարժեք հարկ, և շինարարությունը դեռևս շարունակվում է: Կիսակառույցն իր սկզբնական հաստատված նախագծից շեղումներ ունի: Ըստ նախագծի՝ պետք է երրորդ հարկից սկսած ամեն հարկը կառուցվեր ավելի ներս ընկած՝ աստիճանաձև կառուցվածքով, ինչը թույլ կտար հարակից շենքերին որոշ չափով արեւի լույս ստանալ: Սակայն դեռեւս 7-հարկանի շենքը հավասարաչափ վեր է խոյանում` հարակից շենքերի բնակչությանը արդեն իսկ զրկելով արեւի լույսից: Շինարարները բնակիչներին հայտնել են, որ շենքը 12 հարկանի է լինելու: «Մեր քաղաքը» նախաձեռնությանը դիմած քաղաքացիները նշել են. «Այդ դեպքում ոչ միայն կխախտվի շինթույլտվությամբ հաստատված նախագիծը, այլև կոպտորեն կոտնահարվեն հարակից շենքերի բնակիչների իրավունքները։ Կստեղծվի աղետալի վիճակ, քանի որ հարակից բոլոր շենքերի ցածր հարկերի բնակարանները վերջնականապես կզրկվեն արևի լույսից, իսկ նորակառույցի գրասենյակների եւ բնակիչների մեքենաների ելումուտը, աղմուկի ու արտանետումների հետ միասին, ուղղակի անանցանելի կդարձնեն հարակից շենքերի բակերը: Խնդրով անհանգստացած են ոչ միայն Նալբանդյան, այլև Սայաթ-Նովա, Թումանյան, Ավագ Պետրոսյան փողոցների հատվածում գտնվող շենքերի բնակիչները: Այդ տարածքում ՀՀ ոստիկանությանը պատկանող «Երեխայի զարգացման կենտրոն»-ն է գործել, որն այժմ Խորենացի 47/1 շենքում է: «Հիմա ժամանակավոր տեղափոխվել ենք Խորենացի, երբ մեր շենքը կառուցվի, վերադառնալու ենք նորից Նալբանդյան: Որքան քառակուսի մետր տարածք որ ունեցել ենք, նույն չափով մեզ վերադարձնելու են»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրեն Լուսինե Գալստյանը: Նա շեշտեց, որ իրենց նախկին տարածքը վատթար վիճակում էր. «20-ական թվականների կառույց էր և արդեն չէր ծառայում իր նպատակին: Սա որ արվել է, որպես բարելավում է արվել»: Ճշտմանը, թե դժգո՞հ չեն, տնօրենը նշեց. «Բացարձակ: Մենք ավելի բարեկարգ պայմաններում հիմա որպես վարձակալ աշխատում ենք և վերադառնալու մեծ երաշխիք ունենք, քանի որ ամեն ինչ արվել է՝ ըստ Կառավարության որոշման»: Հարցին, թե ինչ ժամկետում է կառուցվելու, տիկին Գալստյանը նշեց. «Այ ժամկետները խախտվել են: Պայմանագիրը երկարացվել է մինչև այս տարվա դեկտեմբեր: Բայց նշեմ, որ հիմա մենք վարձ չենք վճարում, շինարարը վարձավճարը մարում է: Մեզ այս տարածքը տրամադրվել է անհատույց: Մեր տարածքը երբ կառուցվի, դա նորից մեր սեփականությունն է լինելու»: Դիտարկմանը, թե այդ տարածքի բնակիչները բողոքում են, որ ծառերի հատման հաշվին է շենքը կառուցվում, տիկին Գալստյանն արձագանքեց. «Քանի որ մենք այդ տարածքից դուրս ենք եկել, գործընթացի շարունակությանը ես չեմ տիրապետում: Բնականաբար, կառուցապատման ժամանակ այդպիսի խնդիրներ առաջանում են»: