Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատերազմի մասնակիցը հիշում է, թե ինչպես է խաբել մորը՝  ռազմի դաշտ մեկնելու համար (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Aida-Serobyan

«1991թ-ի վերջերն էր 1992թ-ի սկիզբը, երբ ես հեռուստացույցով լսեցի, որ ոտքից վիրավոր զինվորը մահանում է , չկա պրոֆեսիոնալ բուժաշխատող, որ իմանա լարանը (жгут) վերքից վերև է պետք կապել, թե ներքև:  Ես հաջորդ օրը գնացի Առողջապահության նախարարություն և ասեցի, որ ես կգնամ ռազմի դաշտ, ինձ գործուղեք և ինձ երկու ամսով գործուղեցին»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է Արցախյան ազատամարտի մասնակից, այժմ էլ «Արցախյան պատերազմի մասնակից կանանց» ՀԿ հիմնադիր նախագահ Աիդա Սերոբյանը: 2 ամիսը լրանալուց հետո, Արցախի առողջապահության նախարարը նրա գործուղումը երկարաձգել է մինչև 4 ամիս , այնուհետ 6 ամիս: «Հետո, երբ որ սկսվեց բուն պատերազմը, ես հասկացա, որ չեմ կարող թողնել ու գալ:  Հեռագիր գրեցի Ավանի թիվ 12  պոլիկլինիկա ու ասեցի, որ այստեղ շատ ծանր վիճակ է, ես չեմ կարող գալ, խնդրում եմ իմ աշխատանքի տեղը պահեք ու այդպես ես մնացի մինչ պատերազմն  ավարտվեց»,-վերհիշում է տիկին Աիդան: Վերջինս նաև հումորով պատմում է, թե ռազմի դաշտ մեկնելու համար ինչպես է խաբել մորը: «Երբ գործուղմանս թուղթը ձեռքս երկու օր հետո պետք է ուղղաթիռով Մարտակերտ թռնեի, մտածում էի, թե մորս ինչ եմ ասելու: Պոլիկլինիկայից մինչև տուն հասնելը, ամբողջ ճանապարհին մտածում էի, թե ինչ ասեմ, բայց երբ որ հասա տուն և մայրս դուռը բացեց, ես մեխանիկորեն ասեցի, որ ինձ գործուղղել են Ջերմուկի  առողջարան, պիտի այնտեղ գնամ: Մայրս շատ ուրախացավ, բերեց մի մեծ բաժակ տվեց ինձ ու ասաց. -Բալա ջան, մենակ չաշխատես, ամեն օր կգնաս նաև Ջերմուկի բուժիչ ջրերից էլ կխմես: Ես   շատ ուրախացա, վերցրեցի մորս տված բաժակն ու երկու օր հետո թռա Մարտակերտ»: Արցախյան գոյամարտում 4 անգամ վիրավորված տիկին Աիդան պատմում է նաև պատերազմի տարիներին տեղի ունեցած դեպքեր, որոնց անձամբ է ականտես եղել  կամ մասնակցել: Հիշում է հատկապես Օմարի լեռնանցքի ազատագրումը 1993թ-ին, որը  նրա խոսքերով՝ ամենադժվար անցանելի ու ամենացուրտ լեռնանցքն էր: «Ահավոր էր Օմարի լեռնանցքում, ոչ միայն նրա համար, որ խրամատ ու զինվորների կացարան չկար, տաքանալու որևէ հնարավարություն չկար  և մենք ուղղակի այդ  շրջադարձների վրա էինք կանգնած, այլև փետրվար ամսին այնտեղ 45 աստիճանից ավել ցուրտ էր  ու մեր թարթիչներն էլ սառցապատված էր, տղաների բեղ մորուսից էլ  սառույցի կտորներ էին կախված: Հիշում եմ, երբ որ ադրբեջանցիների ականանետը սկսել էր կրակել մեզ վրա ու մենք պառկել էինք  գետնին, մի 15-20 րոպե անընդհատ կրակում էր ու մենք պառկած էինք, հետո երբ որ վիրավոր եղավ ու ես բարձրացա, որ գնամ վիրավորին բուժօգնություն ցուցաբերեմ, այդ ընթացքում, որ պառկած էի , կրծքիս տակ ձյունը հալվել էր ու անմիջապես սառույց էր դարձել: Երբ որ ես վեր կացա, իմ վերնահագուստի մասերը պոկվել  ու  մնացել էին սառույցին կպած: Նման ծանր ու դժվարին պայմաններ էին»,-ասում է նա: Աիդա Սերոբյանը իր ստացած  շքանշանների ու պարգևատրումների շարքում առանձնացնում է հատկապես «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» շքանշանը, որն իր համար շատ թանկ է: «Դա Արցախի առաջին շքանշանն է: Ես դա ստացել եմ  1992թ-ին՝ պատերազմի դաշտում, իմ առաջին մեդալն է՝ պատրաստված Շուշիի ռմբակոծությունների ժամանակ հավաքված արկի բեկորներից»,-նշում է տիկին Սերոբյանը: