Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուշանիկ Բախշյանին մեղադրանք առաջադրելը նրա պաշտպանը ճիշտ է համարում

Հասարակություն
aleqsandr-sirunyan

«Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին մեղադրանք առաջադրելը նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը ճիշտ է համարում: «Վերջապես եկան իրավական դաշտ, մեր ասածն էլ դա էր, ընկեր ջան, մեղադրելու ունես` մեղադրի, բեր հավասար աշխատենք, դու մեղադրի, մենք պաշտպանվենք: Այլ ոչ թե մարդ առեւանգի եւ փակի, հիմա մենք պետք է օբյեկտիվ քննենք, մարդիկ ճիշտ են անում»,- «Ա1+»-ին ասաց Ալեքսանդր Սիրունյանը: Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանը ձերբակալվել էր հունվարի 22-ի երեկոյան: Հաջորդ օրը դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել: Այս գործում Ալեքսանդր Սիրունյանը չի տեսնում իր պաշտպանյալի մեղքը: «Մենք առաջին օրը ասացինք քննիչին՝ արի գնանք, ուրբաթ երեկո է, կնիկ արմատ է, ամոթ է, հանցագործ չէ, Արթուր Վարդանյանի բանդայից չէ, թող գնանք, երկուշաբթի գանք մեղադրանք առաջադրի: Ասացի՝ մենք խոստանում ենք երկուշաբթի օրը գալ Կենտրոնի դատարան, դու մտնի սանկցիայի, բայց ուրբաթ երեկոյան մի գողացի տար, ամբողջ կռիվը դա է»,- ասում է նա: Ի դեպ, Շուշանիկ Բախշյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Նա գտնվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Բժշկուհու մոտ ախտորոշվել է երկկողմանի բրոնխոպնեւմանիա եւ գրիպ «Ա», որի պայմաններում նրա շփումը արտաքին աշխարհի հետ ցանկալի չէ: Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները նրա մահվան մեջ մեղադրում են բժշկուհի Շուշանիկ Բախշյանին: Մերի Մարգարյանի եղբոր խոսքով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: «Էրեբունի» ԲԿ-ում նրան անմիջապես կեսարյան հատում էին արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր էր եղել, 2 օր անց նա մահացել էր: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ  ծննդկանի նորածին դուստրը: