Թիվ 181 դպրոցի պարսպի կառուցումը կասեցված է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և մի քանի այլ դպրոցների տարածքում թիվ 181 դպրոցի նախաձեռնած շինարարությունը կասեցված է: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: «Այդ կասեցումն էլ պետք է լինի կամային: Եթե չի դառնալու այդ տարածքը կրթական պարտեզ, շարունակվելու են այդպիսի միջամտությունները»,-նշեց նա: Հիշեցնենք, որ «Կրթական պարտեզ» ծրագրով նախատեսվում է այդ դպրոցների հարևանությամբ կանաչ տարածք ստեղծել, կառուցել հեծանվային երթուղի։ Սա հնարավորություն կտա ոչ միայն աշակերտներին,այլև շրջակա տարածքի բնակիչներին իրենց ազատ ժամանակն անցկացնել այդ տարածքում։ «Կրթական պարտեզ» նախագծի ճարտարապետ Արտավազդ Թարխանյանը փոխքաղաքապետի հետ հանդիպմանը ներկայացրել է նախագծի էությունը, հարևան դպրոցի՝ պարսպի կառուցման նախաձեռնությունը, և պարոն Բլեյանի խոսքով՝ այնտեղ ընդունել են, որ այդպես չի կարելի: «Վերջապես արվարձանին պետք է ուշադրություն դարձնել»,-շեշտեց կրթահամալիրի ղեկավարը, որը նաև նախագծի հեղինակներից է: Մյուս կողմից պարոն Բլեյանը չի զարմանում մայրաքաղաքի տարբեր հատվածներում առկա նմանատիպ խնդիրներից. «Եթե քաղաքի կենտրոնում կարող է նման միջամտություն լինի՝ Աբովյան փողոցի շենքը քանդեն, հետո էլ ցինիկ արձագանք լինի դրան, բա արվարձանի հանդեպ ինչպիսի՞ քամահրական վերաբերմունք կլինի»,-եզրափակեց նա: