Հանրային պաշտպանի գրասենյակը դադարեցրեց իրավաբանական օգնությունը Գասպարիին
Դատավոր Նելլի Բաղդասարյանը ակտիվիստ Վարդգես Գասպարիին նիստի ընթացքում պարբերաբար հորդորում էր պատշաճ դիրք զբաղեցնել, սակայն Գասպարին չէր արձագանքում: Ոստիկանները նրան պառկած վիճակում բերել էին դատարանի դահլիճ եւ դրել հատակին: Նիստը, սակայն, սկսվելուն պես ընդհատվեց: Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մերի Ալավերդյանը չէր ներկայացել դատարան: Դատավորը 20 րոպե ընդմիջեց դատական նիստը՝ պարզելու համար, թե պաշտպանը ինչու չի ներկայացել: Այդ ընթացքում Գասպարին կրկին անշարժ պառկած էր դահլիճում: Ընդմիջումից հետո պարզվեց, որ հանրային պաշտպանի գրասենյակը դադարեցնում է իրավաբանական օգնություն ցուցաբերել Գասպարիին: Դատավորը հետաձգեց դատական նիստը մինչև փետրվարի 2-ը, որպեսզի գործով ներգրավվի նոր հանրային պաշտպան: Ի դեպ, նիստից հետո էլ դատական կարգադրիչները, Գասպարիի ձեռքերից եւ ոտքերից բռնած, դուրս հանեցին դահլիճից: