Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկեղեցին ոչ դեմ է, ոչ էլ քաջալերում է աղի բլիթ ուտելը (տեսանյութ)

Հասարակություն
qahana1

Հունվարի 23-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի տոնը: Այդ օրն առավոտյան Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիներում պատարագ է մատուցվում եւ կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա  Մալյանն ասաց, որ բացի ավանդական տոնակատարություններից, այս տարի առաջին անգամ պարգեւներ կշնորհվեն. «Այս տարի զինվորների ենք պարգեւատրելու, որոնք սահմանի առաջին գծում են կանգնած եւ կանգնած եղել: Ցանկը մեզ տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Եթե մենք առաջ «Մենք մեր զինվորի կողքին» ծրագիրն իրականացնում էինք թեմի շրջանակներից ներս, ապա այս անգամ թեմից դուրս էլ է այդ պարգեւատրումը լինելու»: Քահանան անդրադարձավ նաեւ ժողովրդական սովորույթներին՝ նշելով, որ եկեղեցին ոչ դեմ է, ոչ էլ քաջալերում է աղի բլիթ ուտելը, բայց նշեց, որ այն պետք է ուտել հունվարի 22-ի գիշերը. «Անկախ նրանից, թե մարդն ինչ կուտի, կարեւորը հավատն է»: Սուրբ Սարգսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի կբերվի Ս. Սարգիս զորավարի մասունքակիր աջը, իսկ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից եկեղեցի կբերվի ձեռագիր Ավետարան, որը 17-րդ դարում ընդօրինակվել է Ավետիս երեցի կողմից: Ժամը 14:00-ից առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կսկսվի խաչերթ: Տոնը կշարունակվի Սիրահարների այգում, որտեղ ժամը 15:30-ից տոնական համերգ է նախատեսված: