Ավագանու ՀՀԿ անդամի համար Արամի 30-ը խորդանոց էր. նա գիտի Օպերայի ու Փակ շուկայի տարբերությունը (տեսանյութ)
«Եթե որեւէ մեկը կարծում է, որ Արամի 30 շենքը իրենից արժեք է ներկայացնում, ապա ես ցավում եմ այդ մարդու համար»,- հենց այսպես մեկնաբանեց Արամի 30 շենքի քանդումը ճարտարապետ, ՀՀԿ ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը. «Եթե ուրիշ շենք քանդեին, արժեք ներկայացնող, ես ինքս կգնամ ու կգիշերեմ այնտեղ, չեմ թողնի քանդեն, օրինակ՝ ԱՕԿՍ-ի, Աֆրիկյանների, ԵՊՀ-ի հին շենքը: Ես մինչև հիմա չեմ հասկացել` հայերի արժեքը ո՞րն է: «Զվարթնոցի» մասին խոսեք, «Հռիփսիմեի» մասին խոսեք, եթե ուզում եք մի բանի համար պայքարեք` լավ թիրախ ընտրեք` գնացել էդ сарай-ից եք կպել»,- ավելացրեց նա: Արամի 30 շենքը երբեք պատմամշակութային արժեք չի եղել: Կարծում է Արամի 30 հասցեի ետնամասում կառուցապատվող շինության նախագծի հեղինակ Աշոտ Ալեքսանյանը. «Եկեք միասին, ձեր ֆոտոխցիկներով գնանք ու ես կապացուցեմ, որ այստեղ աղբակույտ է: Ես էլ եմ կողմնակից, որ պահպանվեն մեր շենքը: Մենք շատ ենք վնասել Երևանը, և հիմա սթափվել ենք` մի փոքր ուշ ենք սթափվել: Բայց պետք է հասկանալ նաև, որ ոչ մի անհատական շենք մեծ միջավայրում չի կարող ապրել, նրան իրեն հարազատ միջավայր է պետք: Բարեկարգ մայթեր են լինելու այդ տեղում, ուզում ենք` Հյուսիսային պողոտան գա` միանա հրապարակին: Ամեն ինչը չէ, որ պետք է բռնենք ու պահենք: Մենք ոչինչ չենք քանդում, մենք քանդողների բրիգադա չենք, մենք կառուցող ենք»: «Ա1+»-ի հարցին, թե արդո՞ք այդ ճանապարհին, այսինքն Հյուսիսային պողոտայի եւ հրապարակի միանալու ճանապարհին, չի քանդվի նաեւ Ազգային Պատկերասրահի շենքը, պարոն Ալեքսանյանը պատասխանեց. «Ես չեմ դրա պատասխանատուն, չգիտեմ, բայց կարծում եմ չպիտի քանդվի»: «ԱՐԽկոոպ» ճարտարապետական արվեստանոցի ճարտարապետ Արսեն Կարապետյանի կարծիքով, եթե մարդիկ հուշեր ունեն կապված այդ շենքի հետ, ուրեմն այն հուշարձան է. «Հասարակությունն առհասարակ ինչո՞ւ չի մասնակցել այդ որոշման ընդունմանը: Բացի այդ, ի՞նչ սկզբունքով են որոշում` ո՞րն է հուշարձան, ո՞րը` ոչ. ինչո՞վ է օպերան ավելի կարևոր, քան` Փակ շուկան: Անձնական նախասիրությունների դաշտի մեջ է` ի՞նչն է արժեք, ի՞նչը` ոչ, և որոշում կայացնողներն անձնական նախասիրություններով են առաջնորդվում »,-ասաց նա, ինչին ի պատասխան Լեւոն Իգիթյանը պատասխանեց. «Տարբերությունը չգիտե՞ս, Օպերայում երգում են, Փակ շուկայում` առևտուր անում»: Ի դեպ, քննարկման ժամանակ նշվեց, որ քանդված շենքի փոխարեն մայթ է լինելու, Արամի փողոցը լայնացվելու է, որպեսզի ավտոմեքենաները Հանրապետության հրապարակով չանցնեն: Այդ աշխատանքները կտեւեն մոտ երկու տարի: