Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայկական դասագրքերի հարցը Ջավախքում միշտ քաղաքականացվելու միտում ունի»

Հասարակություն
ashotyan

Առաջին ուսումնական կիսամյակի ավարտին՝ 2015թ. տարեվերջին Վրաստանի 135 հայկական դպրոցները Հայաստանից վերջապես ստացան հայոց լեզվի եւ գրականության 5265 դասագիրք եւ տետրեր: Ամանորից առաջ ՀՀ ԿԳ նախարարը մեզ հետ զրույցում ասել էր, որ ուշացման պատճառը կազմակերպչական էր: «Սա այն թեմաներից մեկն է, որտեղ ավելի շատ պետք է աշխատել, քան խոսել: Եթե խոսենք Ջավախքի կրթական հիմնախնդիրների մասին՝ շատ ազնիվ ու բաց, կարծում եմ՝ պետք է անջատել տեսախցիկը, այնպես, ինչպես ես եմ անում իմ բարեկամների, ջավախահայ մեր մասնագիտական, հասարակական շրջանակների հետ»,- նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ծրագրի իրականացման լիազոր մարմինը Սփյուռքի նախարարությունն էր, եւ 2016թ. հունվարի մեկից վիրահայ աշակերտները կուսանեն այդ դասագրքերով. «Հայոց լեզվի եւ գրականության հետ կապված դասագրքերը հայկական ծրագրերով են իրականացվում: Մնացածը Վրաստանը ինքն էլ վերանայում կրթական բովանդակությունը: Կա թարգմանության խնդիրներ, ես առաջարկել եմ Վրաստանի նախարարին՝ օգնել, եթե մասնագիտական գրքերը լավ չեն թարգմանվում, ինչից դժգոհ են նաեւ Ջավախքի դպրոցների ուսուցիչները, ծնողները»: Ստացված ուսումնական ձեռնարկներից 2579-ը հատկացվել է Ջավախքի Նինոծմինդայի, իսկ 4 անգամ ավելին՝ Ախալքալաքի դպրոցների համար. «Չի կարելի այստեղ միայն դասագրքերի խնդիրը տեսնել. Ջավախքի կրթական կարիքների բավարարման համար ավելի համալիր մոտեցում է պետք: Խնդիրը պոտենցիալ քաղաքականացվելու միտում ունի միշտ, այդ միտումների իրականությունը գնահատելն անշնորհակալ գործ է, բայց մենք մեր կողմից ոչ մեր Ջավախքի հայրենակիցների, ոչ ՀՀ ներկայացուցիչների հետ ամբողջությամբ մեր անելիքը դեռ չենք արել»: Արմեն Աշոտյանը նաեւ նշեց, որ վրաց նախարարուհու հետ պայմանավորվել են, որ մոտ ապագայում, երբ ինքն աշխատանքային այց կունենա Վրաստան, կփորձի անպայման գնալ Ջավախք, եւ անմիջապես տեղերում կծանոթանա, կլսի, կքննարկի մի շարք այլ խնդիրներ. «Վրացի գործընկերների հետ մենք ունենք փոխըմբռնում, սակայն դա պետք է վերածենք ավելի երկարաժամկետ ծրագրերի: Ջավախքի կրթական կարիքների բավարարման մեջ որքանով իր լուման ունի վրացական կողմը, նույնքան էլ հայկական եւ Ջավախքի կողմերը»: