Այսօր գրանցված թոքաբորբով հիվանդների մեծ մասը երեխաներ են եղել (տեսանյութ)
Համաճարակ չկա. այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների տարածման խնդրին. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պոլիկլինիկաները կաշխատեն նաև շաբաթ եւ կիրակի օրերը, որպեսզի հնարավորինս թոթափվի հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը, քանի որ կա որոշակի մտահոգություն հիվանդանոցներում կուտակումների հետ կապված: Համաճարակը բավական բարդ հաշվարկի ենթարկվող եւ բանաձեւերով հաշվարկվող ցուցանիշ է: Մասնավորապես, խոսքը գնում է մեկ ու կես անգամ ավելի հիվանդացության շեմը գերազանցող թվի մասին: Համաճարակ լինում է, եթե այդ շեմը 4-5 անգամ է գերազանցվում»: Ինչ վերաբերում է Տամիֆլյու դեղամիջոցին, որն այս օրերին դեղատներում գրեթե հնարավոր չէ գտնել, նախարարը վստահեցրեց, որ շուտով այն կլինի: Նա նշեց, որ 2009թ. դեղը ներկրվել է Հայաստան եւ երբեւէ 9000 դրամից պակաս չի եղել. «Շուտով Տամիֆլյուն դեղատներում կվաճառվի 11 500 դրամով, բայց դա ֆիքսված գին չէ, քանի որ շուկան է թելադրում գինը»: Արմեն Մուրադյանի տեղեկացմամբ՝ այսօր առավոտյան սուր շնչառական հիվանդություններով բուժհիմնարկներ դիմածների թիվը եղել է 945, որից 420-ի մոտ հաստատվել է թոքաբորբ: Թոքաբորբով հիվանդների մեծամասնությունը երեխաներ են եղել: