ԵՊՀ 1993 թվականի շրջանավարտներն ամբողջ կուրսով գիրք են գրել (տեսանյութ)
Համալսարանն ավարտելուց 22 տարի անց կուրսեցիներով հավաքվեցին ու միասնական աշխատանք արեցին: Երևանի պետական համալսարանի 1988-93 թվականների Հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտներն այսօր ներկայացրին 120 հոգանոց կուրսի մեծամասնության կողմից գրված բանաստեղծությունները՝ մեկ գրքով: «Մեր գիրքը» խորագրով աշխատությունում տեղ են գտել երբեմնի ուսանողների՝ այս տարիների ընթացքում գրված ստեղծագործությունները:
Կուրսից գրեթե բոլորը տարբեր ասպարեզներում հաջողություններ են արձանագրել: Այժմ նրանցից մեկը բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է, երկու տասնյակից ավելի գիտությունների թեկնածուներ կան, լրագրողներ, դպրոցի տնօրեններ: Ոմանք էլ, թեև բանասիրությունից հեռացել են, դարձել գործարար կամ այլ աշխատանք են կատարում, սակայն շարունակում են ստեղծագործել: Կուրսի ավագ Հենրիկ Մարտիկյանն այժմ սնանկության գործերով կառավարիչ է աշխատում, սակայն երկար տարիներ ինքն էլ ստեղծագործել է: Նա հիշում է՝ իրենց կուրսն իսկապես աչքի էր ընկնում:
«Երկրորդ կուրսում ունեցել ենք 40 գերազանցիկ, 50 հարվածային, միջակությունները քիչ էին: Այն ժամանակ չկային տեխնոլոգիաներ, հետաքրքրությունների շրջանակն ավելի շատ կենտրոնացնում էին մասնագիտության վրա»:
90-ականներին՝ ղարաբաղյան շարժման թեժ օրերին, այս կուրսն էլ անմասն չի մնացել: «Մեր կուրսը հանդիսացել է հեղափոխական առաջին շրջանի առաջամարտիկներից: Երևի մենք առաջինն էինք, որ դուրս եկանք պայքարի, նստացույցերի: Եվ եթե մյուս կուրսերն ազդվում էին, մենք անմիջապես առաջ էինք վազում: Եվ բազմաթիվ օրեր անցկացրել ենք աստիճանավանդակների վրա` պայքարելով»,-նշեց պարոն Մարտիկյանը:
«Մենք ունեցել ենք և ունենք բազմավեկտոր, տաղանդավոր, օժտված կուրս: Եվ մենք բախտ ենք ունեցել ուսանելու հրաշալի դասախոսների մոտ՝ սկսած Լևոն Ներսիսյանից, Հենրիկ Հարությունյանից, Խորեն Պալյանից: Մենք 88-ի ուսանողական սերունդն ենք, մեր առաջին դասը դասադուլ է եղել՝ հանուն Արցախի և Հայաստանի միավորման: Այդ շարժման ոգին, կարծում եմ, մտել է մեր կուրսի մեջ, ու դուրս չի եկել: Պարզապես ամեն մեկի մոտ մի ձևով է արտահայտվել»,-ուսանողական տարիները հիշեց նաև «Հայոց աշխարհ» օրաթերթի երկարամյա թղթակից, պոետ Արմեն Հակոբյանը։
Կուրսի շրջանավարտներից «Առավոտ» օրաթերթի լրագրող Գոհար Հակոբյանը նույնպես ոգևորությամբ է հիշում ուսանողական օրերը: «Ցուրտ տարիներ էին՝ ղարաբաղյան շարժում, էներգետիկ ճգնաժամ, բայց նաև շատ ջերմ տարիներ էին: Երբ գալիս էինք լսարան քննությունների, ահավոր ցուրտ էր, միջանցքներում թռչկոտում էինք, մինչև մեր հերթը հասներ ու տոմսին պատասխանեինք: Ու հիշում եմ՝ դասախոսներից մեկը՝ Արտեմ Հարությունյանը, մի անգամ դուրս եկավ այդ աղմուկից, ու զարմացած ասաց. սա ի՞նչ դոփապար է»:
Գիրքը լույս է տեսել 200 օրինակով՝ շրջանավարտներից Ջոն Թորոսյանի և նրա տիկնոջ անմիջական ֆինանսավորմամբ: Հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտները տարվա ընթացքում մի քանի անգամ նաև հավաքվում են, ուրախ ժամանակ անցկացնում: Նրանք չեն բացառում, որ որոշ ժամանակ անց ևս մի գիրք հրատարակեն: