Թեթեւ ջերմության կամ գլխացավի դեպքում շտապ օգնություն մի կանչեք (տեսանյութ)
2015 թվականին Շտապ օգնության ծառայությունը գրանցել է 238,216 կանչ, այս թիվը 5.2 տոկոսով ավել է, քան 2014 թվականին: «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, ամփոփելով տարին, նշեց, որ հիմնական կանչերը եղել են սրտանոթային եւ սուր շնչառական հիվանդությունների եւ վնասվածքների համար: Իսկ Ամանորին, տիկին Ստեփանյանի պնդմամբ, «Շտապ բուժօգնությունն» աշխատել է գերծանրաբեռնված՝ գրանցվել է 9611 կանչ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 830 կանչով: 1567 մարդ էլ տեղափոխվել է հիվանդանոց. «Միայն հունվարի 7-ին կանչերի թիվը հասել է 956-ի: Մեծահասակների դեպքում գրանցվել է 1659 կանչ, որից 10-ը տեղափոխվել են հիվանդանոց: 699 կանչ գրանցվել է երեխաների դեպքում, որից 104-ը հիվանդանոց են տեղափոխվել»,- նշեց Թագուհի Ստեփանյանը: Ի տարբերություն սուր շնչառական հիվանդությունների վերաբերյալ զանգերի` տոներին նվազել են թունավորման դեպքերով ահազանգերը՝ սննդային թունավորման միայն 2 դեպք է եղել, ալկոհոլային թունավորման՝ 64 դեպք: Օրական 3-10 զանգ էլ գրանցվել է կոտրվածքների վերաբերյալ: Տիկին Ստեփանյանը նշեց նաեւ, որ Ամանորին ունեցած կանչերից շատերը եղել են պարզապես ստուգման համար, այսինքն` ծանր դեպքեր չեն եղել. «Շատերը կանչում էին շտապ օգնություն պարզապես թոքերը լսելու համար, այնինչ տոնական օրերին պոլիկլինիկաները բաց են եղել, նրանք կարող էին ստուգման համար այնտեղ գնալ»,- ասաց նա ու ցավով նշեց, որ զանգերի առատության արդյունքում եղել են նաեւ ուշացումներ. «Եթե մենք օրական 900 կանչ ենք ունեցել, մենք չէինք կարող չուշանալ, բայց մեր բժիշկները հեռախոսով խորհուրդներ են տվել, մինչեւ բրիգադի հասնելը»: «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք չի պատրաստվում շտապ օգնության ծառայությունը բարեփոխումներ անել, որպեսզի հասցնի բոլոր կանչերը սպասարկել, տիկին Ստեփանյանը պատասխանեց. «Մենք միշտ մտածում ենք դրա մասին, այսքան տարվա մեջ բավական աշխատանք է արվել, բայց եկեք ինձ հետ համաձայնեք, որ պետք է այդ մշակույթը մտնի, մարդիկ պետք է հասկանան, թե երբ պետք է կանչել շտապ օգնություն: Նստելով տանը ու չուզենալով գնալ դեղատուն՝ ինչ-որ դեղ գնել եւ թեթեւ ջերմությունը իջեցնել, կամ գլխացավը պակասեցնել, շտապ օգնության մի մեծ բրիգադ այդ դեպքում չեն կանչում, դա ամբողջ աշխարհում չլսված բան է»,- նշեց նա: Հիշեցնենք, որ այսօր «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ն ունի 34 մեքենա եւ 7 ենթակայան: