Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտանիքի անդամներն էլ են հիվանդ, եթե այնտեղ կա թմրամոլ. քահանա (տեսանյութ)

Հասարակություն
kaxvacutyun

Արարատյան Հայրապետական առաջնորդարանում այսօր տեղի ունեցավ «Կախվածություն ունեցողներին հոգեւոր աջակցություն» խորագրով սեմինարը, որը հասցեագրված էր ալկոհոլից, թմրանյութերից կախվածություն ունեցող մարդկանց, ովքեր ցանկանում են ելք գտնել ստեղծված իրավիճակից: Սեմինարը վարում էր Քրիստոնեական հասարակական բարեգործական՝ «Հին աշխարհ» հիմնադրամի վարչության նախագահ, վերականգնողական ծրագրերի տնօրեն, հոգեբան Եվգենի Պրոցենկոն: Վերջինս խոսեց թմրանյութերից եւ ալկոհոլից կախվածության եւ չարաշահման տարբերության մասին: Ըստ նրա՝ դրանք միանգամայն տարբեր բաներ են: «Կախվածության խնդիրների մասին խոսելիս հաճախ մոռանում են չարաշահման մասին: Շատերին թվում է, որ եթե մարդը անընդհատ ալկոհոլ կամ թմրանյութ է օգտագործում, ապա դա կախվածություն է, սակայն միշտ չէ, որ այդպես է: Դա կարող է պարզապես լինել չարաշահում, որը ինչ-որ մի օր կարող է դադարել, եւ մարդը չի էլ հասկանա, թե ինչպես դա եղավ»: Եվգենի Պրոցենկոն Հայաստանում է ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ, ԱԹՀ Ցերեկային կենտրոնի տնօրեն Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի հրավերով: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման փորձի փոխանակումն անհրաժեշտ է կախվածություն ունեցող անձանց հետ տարվող աշխատանքներում: «Արդեն չորս տարուց ավել է, ինչ ցերեկային կենտրոնը զբաղվում է թմրամոլներով եւ ՄԻԱՎ վարակակիրներով: Թմրամոլների հետ կապված հիմնական խնդիրը կախվածությունից ազատվելն է, որ նրանք կարողանան ուժ գտնել դա հաղթահարելու: Նրանք տարբեր բնագավառների, մասնագիտությունների, սոցիալական խավի մարդիկ են, որոնցից ամեն մեկին յուրահաուկ մոտեցում պետք է ցուցաբերվի»,-ասաց նա: Քահանան ցավով նշում է, որ հասարակությունը դեռ պատրաստ չէ ընդունել նման մարդկանց. «Ցավոք, խարան-խտրականությունը կա, եւ հասարակությունն այսօր պատրաստ չէ ընդունել թմրամոլներին: Աշխատանք է տարվում նաեւ նրանց ընտանիքի անդամների, հարազատների հետ, որովհետեւ ընտանիքի անդամները չեն գիտակցում, որ իրենք էլ են հիվանդ, եթե ընտանիքում ունեն թմրամոլ, եւ սկզբում պետք է աշխատանք տանել նրանց հետ, որպեսզի իրենք վերագտնեն իրենց եւ կարողանան օգնել իրենց հարազատին»: