Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տարին տարվա վրա վատանում է». Ձմեռ պապը դժգոհ է եկամուտից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
dzmerpap

Եղանակը եւ ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր վիճակն այս տարի շատ է խանգարել Ձմեռ պապիկների աշխատանքին: Հանրապետության հրապարակում վաղ առավոտից շրջող Ձմեռ պապիկներն այդքան էլ գոհ չեն մարդկանց շարժից. «Հիմնականում եղանակն է պատճառը, որ մարդիկ չեն կարողանում գալ» ,- «Ա1+» -ի հետ զրույցում ասաց Ձմեռ պապիկներից մեկը, ով նշեց, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը նույնպես ազդել է. «Ես կասեի՝ տարին տարվա վրա վատանում է ժողովրդի վիճակը: Ես երկար տարիներ է՝ Ձմեռ պապիկ եմ, եւ ես ուրախանում եմ, որ ուրախացնում եմ մանուկներին: Հարցը այստեղ ոչ թե գումարն է, այլ մեր բալիկներին ուրախացնելը եւ նրանց ծնողներին նույնպես: Բոլոր դեպքերում, իրենց ցանկությամբ ինչ կարողանում են՝ տալիս են: Եթե չեն ունենում, չենք պարտադրում, թողնում ենք իրենց հայեցողությանը» ,- ասաց նա՝ հավելելով, որ պատահում է՝ 200 դրամ են տալիս, պատահում է՝ 500: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հանրապետության հրապարակի տարածքում լիցենզավորված Ձմեռ պապիկ ու Ձյունանուշ կա, որոնք երեխաների հետ զրուցելու, լուսանկարվելու համար գումար չեն պահանջում: Նույն սկզբունքով քաղաքապետարանը, «10-ից 10» ակումբի հետ համագործակցությամբ, ժամը 12:00-17:00-ն երեխաներին հնարավորություն է տալիս անվճար շրջել պոնիով, իսկ 17:00-ից հետո մեկ պտույտն արժե 500 դրամ: Մեզ հետ զրույցում ծառայության ներկայացուցիչն ասաց, որ այդքան էլ գոհ չեն այցելուների թվից. «Որովհետեւ ձյուն է գալիս, հիմա էլ անձրեւ է, երեխեքին շատ դուրս չեն հանում»,-նշեց նա: