Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մթերող կազմակերպությունները դեռ պարտքերը չեն մարել (տեսանյութ)

Հասարակություն
gyuxnaxarar

2015 թվականն, ընդհանուր առմամբ, բարեհաջող էր գյուղատնտեսության համար. Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով տարին, հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա նշեց, որ հունվարից-նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանը տվել է 931,4 մլրդ դրամի համախառն արտադրանք, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 11,6 տոկոսով ավել է: Նախարարը խոստովանեց, որ ոլորտում նաեւ թերացումներ են եղել. «Այս տարի խաղողի մթերման հարցում մենք ունեցանք դժվարություններ: Եղան լարվածություններ, բողոքներ: Մթերող կազմակերպությունները սկզբնական շրջանում հնարավորություն չունեին մթերելու, սակայն կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մթերվեց ամբողջ արտադրանքը: Ճիշտ է՝ գների առումով որոշակի իջեցումներ եղան, սակայն կարեւորն այն էր, որ խաղողի բերքը չմնաց դաշտում»: Մթերման գների իջեցումը նախարարը պայմանավորում է մի քանի հանգամանքով. «Առաջինը դա միջազգային տենդենց էր, որովհետեւ բորսաներում 25-30 տոկոսով իջան պարենային մթերքների՝ կաթի, մսի, ցորենի գները: Մթերման գների իջեցումը կապված էր նաեւ ռուսական շուկայի հետ, որովհետեւ ռուբլու արժեզրկման հետ կապված՝ մեր մթերող կազմակերպությունները որոշակի դժվարություն ունեցան արտահանումների հետ, ֆինանսական միջոցները սուղ էին եւ հնարավորություն չունեցան մեծածավալ մթերումներ իրականացնելու»: Նախարարի խոսքով՝ թեեւ պտուղ-բանջարեղեն վերամշակող գործարանները պարտքերը փակել են 98,5 տոկոսով, իսկ գինու գործարանները՝ 82,1 տոկոսով, սակայն գյուղացիների պարտքերն ամբողջությամբ դեռ չեն փակվել. «Պարտքերը կան, սակայն մթերողների եւ արտադրողների միջեւ պայմանավորվածություններ կան՝ որ ժամկետներում պետք է փակեն: Մենք, իհարկե, հորդորում ենք, որ ինչքան հնարավոր է՝ շուտ փակեն: Կազմակերպություններ կան, որոնք պայմանագիր են կնքել գյուղացիների հետ, մի մասը վճարել են, մի մասը մինչեւ ապրիլ ամիս վճարելու պայմանով»: Գյուղնախարարը խոսեց նաեւ ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների մասին՝ նշելով. «Արտահանման եւ իրացման հարցում որոշակի դժվարություններ ունենք: Անցած տարվա համեմատ՝ ձկան արտադրությունն ավելացել է, սակայն արտահանման ծավալները պակասել են: Բայց ձկնաբուծական տնտեսություններում ուրիշ խնդիր է: Մենք տարիներ շարունակ ստորերկրյա ջրերը շռայլել ենք, սակայն այժմ մշակում ենք ծրագիր, որ անցնենք փակ ցիկլի՝ քիչ ռեսուրսներով ավելի շատ ձուկ արտադրվի»: