Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուկայում հացաբուլկեղենի 1/3-ը թերմակնշված է

Հասարակություն
05ed8d118783ee44ddb28170c9e9012e

«Շուկայական տնտեսության առավելությունն այն է, որ կա ընտրության հնարավորություն, սպառողը ինքն է որոշում՝ որ արտադրանքը գնի, որն է լավը, որը վատը»,- ասում է «Սպառողների ազգային ասոցիացիայի» մարքեթինգի եւ մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը: Նրա խոսքով՝ այսօր դժվար չէ լինել կիրթ սպառող, ունենալ սպառողական գիտելիքներ, պարզապես պետք է որեւէ արտադրանք գնելիս ուշադիր լինել, թե արդյո՞ք այն ժամկետի մեջ է եւ մակնշված, քանի որ խախտումները հիմնականում կապված են արտադրատեսակի թերմակնշման հետ եւ ընդգրկում են հացաբուլկեղենի, հրուշակեղենի, կաթնամթերքի, խմիչքի ոլորտները: «Մեղավոր են նաեւ խանութները, որոնք վերցնում են նման արտադրատեսակներ: Լինում են դեպքեր, երբ նույնիսկ վաճառողը տեղյակ չի լինում, թե որ ապրանքանիշի արտադրանքն է վաճառում: Հացերը տեղափոխում են ոչ մասնագիտացված փոխադրամիջոցներով: Երբ հարցնում ես վաճառողին, թե ինչու է վերցնում նման հաց, ասում է՝ «դե, բարեխիղճ մարդ է, ամեն օր բերում է, ես էլ վերցնում եմ»: Բա որ մի օր այդ բարեխիղճ մարդու՝ հիգիենայի կանոնները չպահպանելու պատճառով   համաճարակ տարածվի»: Ըստ «Սպառողների ազգային ասոցիացիայի» չորրորդ եռամսյակի մոնիթորինգի տվյալների՝ շուկայում հացաբուլկեղենի 1/3-ը թերմակնշված է կամ ընդհանրապես մակնշված չէ: Պրն Հայթյանի խոսքով՝ օրենսդրական դաշտը կարգավորված է, պարզապես արտադրողներն են օրենքից դուրս աշխատում: «Ըստ սննդամթերքի անվտանգության մասին օրենքի՝ փաթեթի վրա պետք է նշվի տվյալ ապրանքատեսակը արտադրողի տվյալները, բաղադրությունը, քաշը, հավելումների ցանկը, ծավալը, արտադրման եւ պիտանելիության ժամկետները, պահպանման պայմանները եւ այլն: Եթե ապրանքատեսակը չի բավարարում այս չափանիշներին, ուրեմն այն պետք է վաճառքից հանվի անկախ նրանից՝ լավն է, թե չէ»: Մեր այն հարցին, թե ինչ է կազմակերպությունը անում նման դեպքերը կանխելու համար, պրն. Հայթյանը պատասխանեց. «Դրա դեմ պայքարելու մեր միակ միջոցը լրատվամիջոցներն են եւ մեր «Սպառող» ամսագիրը, որտեղ մենք ներկայացնում ենք եռամսյակի մոնիթորինգի արդյունքները՝ ըստ այդմ նշելով տվյալ եռամսյակի լավագույն, ինչպես նաեւ կասկածելի ապրանքանիշերը, խախտումները: Մենք որեւէ այլ բան անելու իրավասություն չունենք, դրա համար կան Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ինչպես նաեւ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը: Այս երկու կառույցները պետք է զբաղվեն այդ գործով»: Պրն Հայթյանի խոսքով՝ ի համեմատ նախորդ տարիների՝ այսօրվա սպառողը բավականին ինֆորմացված է, եւ այնուամենայնիվ, նա հորդորեց հատկապես տոների նախաշեմին զերծ մնալ արհեստական գունանյութերով պատրաստված տարբեր տորթերից, անհայտ ծագման ըմպելիքներից եւ ալկոհոլային խմիչքներից, առհասարակ չմակնշված որեւէ ապրանքատեսակից, ինչպես նաեւ գնումներ կատարելիս վերցնել ՀԴՄ կտրոնները, որպեսզի որեւէ խախտման դեպքում դիմում- բողոքների հիման վրա հնարավոր լինի օգնել սպառողին: