Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փորձ՝ բացահայտել Կոմիտասի կյանքի վերջին տարիների առեղծվածը

Մշակույթ
komitas

Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմը, որը նվիրված է Կոմիտաս վարդապետի հիշատակին, այսօր ցուցադրվեց լրագրողների համար, որին հաջորդեց ֆիլմի ստեղծագործական անձնակազմի մամուլի ասուլիսը: Լրագրողների հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ մեծ տագնապ ու պատասխանատվություն է զգացել ֆիլմն ստեղծելիս. «Այս ֆիլմը թերեւս մի բանով է տարբերվում իմ մյուս երկու տասնյակի հասնող փոքր ու մեծ ֆիլմերից՝ սարսափելի պատասխանատվության զգացումով, որովհետեւ գործ ունեի մի հայորդու հետ, որի սրբապատկերը ծնված օրվանից յուրաքանչյուր հայ իր տան մեջ ունի: Ըստ իս եւ ըստ ֆիլմի՝ Կոմիտասը հայոց խիղճն է, մշակութային մեսիա, որին խնդիր ունենք վերադառնալու: Ահա այդ զգացումը տագնապ էր ստեղծում իմ շուրջ»: Վիգեն Չալդրանյանը չցանկացավ գնահատական տալ ֆիլմին, բայց նշեց, որ գրեթե կարողանում է հասնել իր առջեւ դրված խնդրին. «Յուրաքանչյուր հայ ունի Կոմիտասի իր պատկերացումը: Թե ինչքանով է իմ մեկնաբանությունը համահունչ 12 միլիոն հայերի պատկերացման հետ, չեմ կարող ասել: Բայց կարող եմ ասել մի բան, որ իմ ստեղծագործական կյանքում, եթե իմ առջեւ խնդիր եմ դնում, հասնում եմ, գոնե՝  70-80 տոկոսին: Ինձ մոտ հաջողվում է, որովհետեւ ես մի տաղանդ ունեմ՝ կարողանում եմ իմ շուրջ հավաքել տաղանդավոր ու նվիրյալ մարդկանց»: «Վարդապետի լռությունը» ֆիլմի հերոսը՝ Էդգար Նովենցը, ժամանակակից ճանաչված գրող է, համալսարանի մամուլի տեսության եւ պատմության ամբիոնի դասախոս: Նա սեւեռված է «Վարդապետի լռությունը» վեպի ստեղծման վրա, որի սյուժեին ճշմարտացիություն հաղորդելու համար նա անցնում է իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով արխիվային նյութերի, փաստերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտասի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆի հոգեբուժարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը: Դերերում՝ Վարդան Մկրտչյան, Անի Ղազարյան, Արտո Խաչատուրյան, Վաչե Շարաֆյան եւ այլք: