Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործարանի աշխատակիցներից յուրաքանչյուրը 1 մլն դրամ ունի ստանալու (տեսանյութ)

Հասարակություն
boxoq-nkar

Արմավիրի մարզի պղնձամոլիբդենային գործարանի բոլոր 50 աշխատակիցներն ապրիլ ամսից աշխատավարձ չեն ստացել: Իրենց բողոքն արտահայտելու նպատակով աշխատակիցները 20-ն այսօր նախ նախագահական նստավայրի մոտ են հավաքվել, հանձնել դիմում-նամակը, ապա շարժվել Կառավարության շենք: «Աշխատել ենք, մեր աշխատավարձը չեն տալիս: Տնօրենը չի ասում՝ չէ, ասում է՝ կլինի, բայց խաբում է ամեն անգամ»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց աշխատակիցներից Եսայի Ամիրխանյանը: Ասում է՝ բոլորին էլ հայտնի է, որ ներկայումս ծանր օրեր են, սակայն բոլորն էլ ուզում են Նոր տարի նշել: «Եկել, հասել ենք այսքան տեղ, որ մի բան անի Կառավարությունը»,-շեշտեց նա: Գործարանում միջին աշխատավարձը 110.000 դրամ է: Աշխատակիցներից յուրաքանչյուրն այս պահին մոտ 1 մլն դրամ գումար ունի ստանալու: Հարցին, թե այսքան ժամանակ առանց գումար ստանալու ինչպե՞ս են ապրում, մեկ այլ աշխատակից՝ Արտակ Տիգրանյանն ասաց. «Այնպես չի, որ այդ գործարանի հույսին էինք: Ես կողքից հող եմ մշակում նաև: Մարդիկ կան՝ իրենց ծնողներն են իրենց պահում, կան մեծահասակներ, որ երեխաներն են իրենց օգնում: Բայց դիմացը Նոր տարի է, ժողովուրդն այլևս չի կարողանում սպասել: Մի դիմում-նամակ էլ հանձնվեց Կառավարության նամակների բաժին, որտեղից նշեցին, որ պատասխանը կլինի մեկ շաբաթ անց: Գործարանի աշխատակիցները շեշտեցին՝ եթե խնդրին լուծում չեղավ, ստիպված են նորից գալ: