Մարզային հեռուստաընկերություններն իրենց ապագայի հարցում վստահ չեն. media.am
Թվային հեռարձակման լիցենզիա չունեցող մարզային հեռուստաընկերությունների ղեկավարները վստահ չեն, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունները կօգնեն իրենց շարունակել բնականոն աշխատանքը:
Նրանք մարզային սփռման փոքր մուլտիպլեքսորներ ունենալու հնարավորություն են պահանջում. հանրապետական սփռման խոշոր մուլտիպլեքսորի ո՛չ հայտնվելու, ո՛չ էլ գների նկատմամբ նրանք վստահություն չունեն:
Ազգային ժողովում ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծի համաձայն` թույլատրվում է մասնավոր մուլտիպլեքսորի (կազմակերպություն, որը իրականացնելու է թվային հեռարձակումը) գոյությունը, իսկ թվային հեռարձակման լիցենզիա չունեցող հեռուստաընկերություններին իրավունք է տրվում շարունակել անալոգային հեռարձակում իրականացնել, մինչև մասնավոր մուլտիպլեքսորի մուտք գործելը:
Օրինագիծը սահմանում է, որ մասնավոր մուլտիպլեքսորը պետք է հանրապետական սփռման հեռարձակում իրականացնի և 100 միլիոն դրամ պետական տուրք վճարի պետբյուջե: Բացի պետական տուրքից՝ այն նաև պետք է 10 միլիարդ դրամից ավել ներդրում կատարի՝ հեռարձակման ոլորտ մուտք գործելու համար:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում