Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նա չէր կարող դիպուկ կրակել». մայրը 12 տարի է` ամեն օր սպասում է որդու վերադարձին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
mayr

Ցմահ ազատազրկման դատապարտված   Էմիլ Չիվթչյանի մայրն արդեն 12 տարի է` ամեն օր սպասում է որդու վերադարձին: «Ինքը միշտ ասում էր՝ ես չեմ, ես չեմ: Բոլոր հարցերում հույս է տվել, որ ես դուրս եմ գալու, մի հուսահատվի»,- «Ա1+»-ին ասաց Էմիլ Չիվթչյանի մայրը՝ Վարսենիկ Ղազարյանը: Ընդամենը 76 օր հայկական բանակում ծառայած Էմիլ Չիվթչյանը մեղավոր է ճանաչվել 3 զինծառայողների սպանության համար: «Ինքը իր հրամանատարից նկատողություն ունի, որ չի կարողանում ճիշտ բռնի զենքը, աչքը փակի կրակելուց: Աչքի վիրահատություն է տարել, դուք որ այսօր գնաք իրեն տեսնեք, կտեսնեք, որ իր աչքերը նորմալ չեն: Եվ տեսնելուց է թեք նայում: Ամբողջ ծանրաբեռնվածությունը մի աչքի վրա է: Հնարավոր չէ, որ ինքը դիպուկ բռներ, դիպուկ կրակեր»: Էմիլ Չիվթչյանն ու նրա ընտանիքը այս տարիների ընթացքում պայքարում են գործի վերաբացման համար: Սակայն դատախազությունը նոր երեւան եկած հանգամանք է պահանջում: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համոզված է՝ առաջնային հարց պետք է լինի   ցմահների   պատժաչափերի վերանայումն ու վաղաժամկետ ազատ արձակումը: «Կարծում եմ, որ նախարարն ինքը կարծում է, որ շատ վեհ գործերով է զբաղված, քան այս խնդիրներն են, այն տպավորությունն է, որ նախարարին չի հետաքրքրում մարդկային խնդիրները: Ցմահ դատապարտյալների պատժաչափերի վերանայման հարց պետք է դրվի, թող գործերը չվերանայվեն, բայց օրենքը նախատեսում է, որպեսզի վերանայվի, եւ մարդիկ, ովքեր արդեն 20 եւ ավել տարի այնտեղ են, ազատ արձակվեն»: Ցմահ ազատազրկման դատապարտվածները տարիների ընթացքում նաեւ ծանր հիվանդություններ են ձեռք բերում: Նրանցից Սողոմոն Քոչարյանը պատժի կրումից ազատ արձակվելուց 15 օր հետո մահացավ հիվանդանոցում: Հատուկ Քննչական ծառայությունը գործ է հարուցել՝ հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Տարիներ շարունակ բարձրաձայնվել էր նրա առողջական վատ վիճակի մասին, բայց պատշաճ բուժօգնություն չէր ցուցաբերվել եւ ծանր հիվանդությունը հանգեցրել է նրա մահվան: Իրավապաշտպանը կարծում է, որ Սողոմոն Քոչարյանի գործը հարուցվել է ձեւականորեն եւ ոչ մի հետեւանք չի ունենալու: «Հենց այս պահին էլ պաշտոնական լիազորությունների չարաշահում է տեղի ունենում, երբ 20 եւ ավելի տարի է, Արմենակ Մնջոյանը գտնվում է բանտում եւ չեն ազատում»,- ահազանգում է Ժաննա Ալեքսանյանը: