Մանկապատանեկան ամսագրերը խնդրի առջև են կանգնել (տեսանյութ)
Այս տարի «Կանչ» պարբերականը դարձավ 90 տարեկան: «Սերունդների ուղեկիցն է եղել «Կանչ»-ը: Ժամանակին «Պիոներ կանչ» էր կոչվում, հետո պիոները դուրս եկավ: Պետք է նշեմ, որ այսօրվա մանուկը քիչ է կարդում, դա է ցավը»,-այսօր ասաց «Կանչ»-ի խմբագիր Վարուժան Մնացականյանը: Շարունակում է լույս տեսնել նաև 93-ամյա «Աղբյուր» ամսագիրը: Գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանը նշում է առկա հիմնական խնդիրը. «Արգելք կա դեպի դպրոց մուտք գործելու: Կոպեկներով են ամսագրերը մտնում դպրոց: Բայց տնօրենները չեն ցանկանում վերցնել: Բայց չէ որ սերունդ կրթելու, դաստիրակելու հիմնական միջոցը հենց այս ամսագրերը պետք է լինեն, ոչ թե համացանցը»: «Մենք չենք ուզում հատավաճառ լինի, այլ բաժանորդագրություն: Օրինակ մեր ամսագրի դեպքում տարեկան բաժանորդագրությունը 1500 դրամ է»,-ասաց «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը: Վերոնշյալ երեք մանկապատանեկան ամսագրերի ղեկավարները դիմել են Կրթության և գիտության նախարարություն, որտեղից պատասխանել են, թե իրենք խոչընդոտ չեն ամսագրերի՝ դպրոցներում հայտնվելուն: Դիմել են նաև քաղաքապետարան, որի ենթակայության ներքո բազմաթիվ դպրոցներ կան: «Քաղաքապետարանից դեռևս պատասխան չի ստացվել»,-նշեց տիկին Վարդանյանը: Ամսագրերն իրենք տպագրում են 2000 օրինակով և մեծ մասը որպես նվիրատվություն ուղարկում սահմանամերձ գյուղեր: «Ծիծեռնակ»-ի խմբագիրը շեշտեց, որ համացանցից որևէ նյութ չի հայտնվում իր և ընկերների ամսագրում. «Մեր հեղինակներից շատերը հենց երեխաներն են, որոնց տրվում է խորհրդանշական հոնորար»: Ի դեպ, այս և մի քանի այլ մանկապատանեկան ամսագրեր տարեկան 40 մլն դրամի չափով ֆինանսական աջակցություն են ստանում պետությունից: