Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ճիշտ կլիներ, որ «Առավոտ» թերթը գներ «Ազգ»-ը կամ հակառակը». «Ազգ»-ի խմբագիր (տեսանյութ)

Հասարակություն
mamul-nkar

«Ընթերցողների թիվը քչանում է, օրաթերթերի քանակն` ավելանում»,- հերթական անգամ արձանագրում է «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Նա այն տպավորությունն ունի, որ ժողովուրդը սկսել է ընթերցանությունն արհամարհել: «Այս հարցում հիմնականում մեղադրում են խմբագիրներին, տնօրեններին, որ չկարողացանք այս տարիների ընթացքում ընթերցող պատրաստել»,- նշեց նա: Հարցին՝ մամուլն այսօր ազա՞տ է, պարոն Ավետիքյանն այսպես արձագանքեց. «Մամուլն ազատ է, բայց ոչ անկախ: Կախվածություն կա շատ ուժերից»: Նա շեշտեց, որ աշխարհում չկան հարուստ լրագրողներ, սակայն շատ երկրներում նրանք ունեն արժանապատիվ կյանքի բոլոր պայմանները և կարիք չունեն կախյալ վիճակում լինելու: «Ազգ»-ը 23 տարի որպես օրաթերթ է լույս տեսել, սակայն վերջին երկու տարում հանդես է գալիս որպես շաբաթաթերթ: «Խնդիրը ֆինանսն է: Շատ թերթեր ունեն հովանավորներ, ինչը մեր մամուլի գլխավոր թերություններից մեկն է: Ճիշտ կլիներ, որ բիզնես մտածելակերպ լիներ. օրինակ «Առավոտ» թերթը գներ «Ազգ»-ը կամ հակառակը: Այսինքն, բիզնես ամուսնություններ լինեին, բայց ոչ «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանն ունի այդ գումարը, ոչ էլ ես»: Պարոն Ավետիքյանը նշեց նաև, որ եկող տարվանից բոլոր ստահոդ լուրեր տարածող լրագրողների և նրանց լրատվամիջոցների անունները հրապարակելու է իր թերթում: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանն էլ հայտնեց, որ հունիս ամսից սկսել են ժուռնալիստների համար արհմիությունների ստեղծման գործընթացը: Առայժմ դա մարզերում է իրականացվում, սակայն, ըստ նրա՝ կլինի նաև մայրաքաղաքում: «Ժամանակին նաև վեցամսյա սեմինարներ էինք կազմակերպում, սակայն հիմա նման միջոցառումներ այլևս չեն արվում, քանի որ գումար չկա»,-շեշտեց նա: «Ա1+»-ի հարցին, թե պետությո՞ւնը պետք է ֆինանսավորի միությանը, թե՞ իրենք պետք է փորձեն աջակցություն ստանալ տարբեր կազմակերպություններից, տիկին Գևորգյանն ասաց. «Մենք որպես ՀԿ ենք գործում: Շատ երկրներում տարբեր ապրանքների հարկերից գումար է հատկացվում նման միությունների համար, քանի որ ամբողջ մտավորականությունն է հավաքվում այդտեղ: Բայց մեզ մոտ դա չկա: Պետությունը ոչ մի լումա չի վճարում, թեև պետք է շահագրգռված լինի միության զարգացման հարցում»: