Տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման հիմնական աշխատանքներն ավարտված են: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում, ինչպես նաև վարչական բոլոր շրջաններում տեղի կունենան տոնական մի շարք միջոցառումներ: Հայտարարված է նաև լավագույն ձևավորման մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես տնտեսվարողները, այնպես էլ անհատ քաղաքացիներ: Մայրաքաղաքում տոնական միջոցառումների մեկնարկը կազդարարվի դեկտեմբերի 21-ին` ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի լույսերի, միաժամանակ նաև մայրաքաղաքի տոնական լուսավորության միացումով: Տարոն Մարգարյանը հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա հերթապահություն: Հանձնարարվել է նաև խստորեն վերահսկել տոնական օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումը: Քաղաքապետի հանձնարարականով՝ պատշաճ վերահսկողություն կսահմանվի նաև հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ: Առողջապահական և շտապբուժօգնության ծառայությունների պատասխանատուներին ևս Տարոն Մարգարյանը հանձնարարել է տոնական օրերին ապահովել օպերատիվ հերթապահություն: Հանձնարարվել է հերթապահություն սահմանել նաև կրթական հաստատություններում՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովման նպատակով: Երևանի քաղաքապետարան