Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաբող ուսանողը պետք է վճարի պետությանն իր վարձավճարի կրկնապատիկը (տեսանյութ)

Հասարակություն
ashotyan1

Բուհ ընդունվելու գործող մեխանիզմը չի արդարացնում իրեն. մանկավարժական, գյուղատնտեսական կադրերով համալրման խնդիրը չի լուծվում, ուստի այն պետք է բարելավել. այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը. «Սկզբում երիտասարդները պետության ծախսերով սովորում են, ասում են, որ կգնան եւ կաշխատեն, հետո չեն ուզում եւ չեն արդարացնում պետության ծախսերը: Արդյունքում համայնքները մասնագիտական կադրերով ապահովելու խնդիրը չի լուծվում: Հստակ պահանջ պետք է ձեւակերպել օրենքում, որ եթե շրջանավարտը այս կամ այն պատճառով չի ուզում գործուղվել կառավարության կողմից այս կամ այն բնակավայր՝ որեւէ աշխատանքի, առնվազն 3 տարի ժամկետով, ապա պարտավոր է վերադարձնել իր համար պետության կողմից ծախսված գումարի կրկնապատիկը»: Ըստ ԿԳ նախարարի, ուսանողը, որպես տույժ պետք է վճարի կրկնապատիկը, քանի որ այլ կերպ կստացվի, որ պետությունը անտոկոս երկարաժամկետ վարկ է տալիս: «Կստացվի այդ ուսանողները խաբում են պետությանը եւ խաբում են այն մարդկանց, ովքեր այդ համայնքում իրենց սպասում են, խաբում են աշակերտներին, որոնք սպասում են լավ մասնագետի, խաբում են հիվանդներին, որոնք սպասում են լավ բժշկի»: Նախագիծը հավանության արժանացնելով՝ ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը առաջարկեց սահմանամերձ համայնքում աշխատելու հնարավորություն տալ նաեւ այլ համայնքների ուսանողներին. «Գուցե ես Երեւանից եմ, ուսանող եմ, բայց ուզում եմ գնալ սահմանամերձ համայնքում 3 տարի աշխատել: Կարծում եմ՝ պետք է իրենց էլ հնարավորություն տանք՝ ընդունվել, անվճար սովորել ու իրենց գիտելիքները օգտագործել սահմանի համար»: