Բաց նամակ նախարարին. «Կենդանաբանական այգիները» Հայաստանում
Բաց Նամակ ՀՀ Բնապահպանության նախարարին Դիմում ենք Ձեզ Հայաստանի բնապահպանների ու կենդանապաշտպանների անունից պահանջով՝ ուսումնասիրել և լուծել մարդու տիրապետության ներքո գտնվող վայրի կենդանիների հիմնախնդիրը, մասնավորապես՝ պետական և մասնավոր կենդանաբանական այգիների և, նախևառաջ, վերջին ժամանակահատվածում լրագրողների և ակտիվիստների շնորհիվ ուշադրության արժանացած՝ Գյումրու կենդանաբանական այգու տանջահարված կենդանիների իրավիճակի շուրջ: Մինչ օրս բնապահպանության նախարարության բացարձակ լռության պայմաններում՝ Հայաստանի մի խումբ բնապահպանների ու կենդանապաշտպանների ջանքերով հաստատվել է համագործակցություն միջազգային կենդանապաշտպանների հետ, ինչի շնորհիվ Գյումրու կենդանաբանական այգու կենդանիները առաջիկայում կտեղափոխվեն արտերկիր, որտեղ նրանք կլինեն ապահով ու պաշտպանված: Ներկա փուլում ակտիվիստների գործունեության արդյունավետության ապահովման և պատկան մարմինների հետ համագործակցության համար անհրաժեշտ է լուծել մի շարք խնդիրներ, որոնց անմիջական մասնակիցը պետք է դառնա առաջին հերթին բնապահպանության նախարարությունը։ Ուստի պահանջում ենք հանրությանը ներկայացնել. 1. Կենդանաբանական այգիների վերահսկման համար պատասխանատու կառույցների ցուցակը 2. Վայրի կենդանիների շուրջ առաջացած հրատապ խնդիրների լուծման ձևաչափերը 3. Անազատության մեջ վայրի կենդանի պահելու արտոնագիր ստանալու կարգը 4. Ոլորտի կարգավորման ազգային և միջազգային օրենսդրությունը 5. Կենդանաբանական այգիների ցանկը Ի լրումն, պահանջում ենք շտապ կազմել հանձնախումբ՝ կազմված բնապահպանության նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, ոլորտային այլ մասնագետներից, որը կիրականացնի ուսումնասիրություն և կմշակի գործողությունների հերթականություն ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով: Կենդանիների շուրջ Հայաստանում տիրող իրավիճակի կապակցությամբ մենք դիմելու ենք նաև համաշխարհային կենդանապաշտպան կազմակերպությունների և միջազգային կառույցների, որոնց անդամ պետություն է հանդիսանում Հայաստանը։ Սիլվա Ադամյան «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» հասարակական նախաձեռնություն