Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

755 մլն դրամի յուրացման գործը դատարանում է (տեսանյութ)

Հասարակություն
viva-cell

«Վիվասել»  ընկերությունից շուրջ 755 մլն դրամի յուրացման գործն արդեն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է:  Գործով մեղադրյալները երկուսն են՝ Աշոտ Կույումջյանը եւ Սարգիս Արշակյանը:  Աշոտ Կույումջյանը մեղադրվում է գումարը յուրացնելու, իսկ Սարգիս Արշակյանը՝ այդ գումարի յուրացմանն օժանդակելու համար:   «Առանց իր շահը ունենալու:  Իմ պաշտպանյալը այս գործով հանդիսանում է զոհ»,- ասում է  Սարգիս Արշակյանի պաշտպան Սամվել Միրզոյանը: Այսօրվա դատական նիստի ընթացքում դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ տուժող կողմից ստացել  է  դատական նիստերը դռնփակ անցկացնելու միջնորդություն: Ներկայացուցիչը մտավախություն է հայտնել,  որ  դատաքննության ընթացքում կարող են հրապարակվել առեւտրային եւ ծառայողական գաղտնիքներ: Պաշտպանական կողմը առարկում է՝ նշելով, որ հրապարակայնությունը կնպաստի այս գործով արդարության վերականգնմանը:  Նույն կարծիքին էր նաեւ Աշոտ Կույումջյանը: Նա առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում եւ հույս  հայտնում, որ դատաքննության ընթացքում ամեն ինչ կպարզվի: «Նա մեզ բացատրում եւ ասում է, որ երբ լիցքավորման քարտը ակտիվանում է,  մուտք չանես, կարմիր լույսը վառվում է: Նման բան եթե լիներ, հնարավոր չէ, ընկերությունը չտեսներ»,- ասում է Աշոտ Կույումջյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը Պաշտպանը նշում է՝ ամեն ամիս 30 պաշտոնյաներ  ստուգել են  Աշոտ Կույումջյանին եւ եթե որեւէ խնդիր նկատած լինեին 4 տարիների ընթացքում կբարձրաձայնեին: Իսկ դեկտեմբերի 23-ին  դատարանը կորոշի ՝դռնփակ, թե դռնբաց անցկացնել դատական նիստերը: