«Հրաշալի է՝ ամերիկացիներն ասում են նույնը, ինչ Հանրապետականը» (տեսանյութ)
Սուքիաս Ավետիսյանն Ամերիկայի դեսպանատան հայտարարությունը համարում է ոչ ճիշտ: Դեսպանատունն ասել էր, որ ընտրախախտումների մեջ թաթախվածները խնդիրներ կունենան դեսպանատան ծրագրերի մեջ ներգրավելու հարցում։ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը նշում է. «Վաղը մյուս օր համապատասխան մարմինները քննություն են իրականացնում, քննությունը ցույց կտա, որ կեղծիքների, ասենք, մասնակից են, մեր օրենքով էդ մարդիկ իրենց պատիժը կստանան: Եվ դա կապել վիզաների հետ, բաների հետ, ես դա լուրջ չեմ համարում»: Հրաշալի է,-ակնարկում է Կարեն Ավագյանը,-ամերիկացիներն ասում են նույնը, ինչ Հանրապետականն է ասում՝ կեղծիքները պետք է հետաքննել. «Շատ լավ է, որ իրենց հայտարարությունը միանում է մեր ցանկություններին»: Հետաքննություններն, ըստ պատգամավորի, մեր իրավապահների գործն է, դրանից հետո, թե ինչ կանեն ամերիկացիները, իրենց գործն է. «Ո՞վ է որոշելու կոնկրետ, կոպիտ ասած, այսպես ասած կեղծարարին»: Սակայն ամերիկացիները թող չշտապեն, մեր իրավապահները դեռ իրենց խոսքը չեն ասել, ոչ մեկի մեղքն ապացուցված չէ. «Գոյություն ունի գոնե անմեղության կանխավարկած»: Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հայտարարության մեջ լավ տողեր տեսել է՝ նրանք ողջունում են, որ մեր իրավապահները հետաքննում են կեղծիքները: Սակայն ընդունում է, որ ամերիկացիների հայտարարությունը կոշտ էր. «Ընդհանրապես, սա ոչ միայն մեր հանրապետության, այլեւ վերջին տարիների Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից որդեգրած քաղաքականություն կարող է դիտվել: -Այսինքն: -Բոլոր երկրներում: Կարծում եմ, որ ինչ-որ մի բան գնահատականներում փոխվել է եւ փոխվել է ամբողջ աշխարհում: -Ամբողջ աշխարհի հանդե՞պ: Այսինքն: -Այո: Վերջին տարիներին տարբեր երկրներում իրենք նմանատիպ քաղաքականություն իրականացնում են: -Դուք նկատի ունեք հատկապես նրանց, որոնք ԵՏՄ անդա՞մ են: -Կարծում եմ»: Պարոն Մելիքյանին դեսպանատան հայտարարությունը շատ չի անհանգստացնում. «Մենք, միեւնույն է, ամերիկացիների հետ խնդիրներ չենք ունենա»,-ասում է նա: