Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեզ մոտ անսահման սեր եւ նվիրում կա» (տեսանյութ)

Հասարակություն
nkarich

Չարենցի տուն-թանգարանում այսօր Մուղդուսյան արվեստի կենտրոնը նշեց իր մեկամյա գործունեությունը: Միջոցառման ժամանակ ներկայացվեցին նաեւ կենտրոնի սաների աշխատանքները, ինչպես նաեւ՝ իրենց կատարումներովհանդես եկավ «Նաիրյան» երգչախումբը: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց կենտրոնի ղեկավար, նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը՝ միջոցառումը նաեւ քաղաքացիական նվիրատվությունների հաշվետվություն է. «Մեր կենտրոնը գոյատեւում է հիմնականում նվիրատվությունների շնորհիվ: Մենք շահույթ չենք հետապնդում եւ աշխատում ենք կամավորական հիմունքներով»: Նրա խոսքերով՝ թեեւ կենտրոնը ունի բազմաթիվ դժվարություններ, սակայն իրենք չեն նահանջում. «Խնդիրները, բնականաբար, ֆինանսական բնույթի են: Միայն այն, որ անցած տարի մեջ տարածքը մենք ջեռուցել ենք փայտի վառարանով, տարածքի մի մասն էլ վերանորոգված չէ, իսկ տարածքն էլ վարձակալված է»: Մարիամի ներկայացմամբ՝ մեկ տարվա ընթացքում իրականացրել են ավելի քան 30 ծրագիր, հյուրընկալել ավելի քան 300 երեխայի. «Մենք հիմնական շեշտադրումն է արել ենք ներառական կրթության վրա: Չունենք հնարավորություններ՝ ավելի շատ երեխաների ընդգրկելու, թեեւ ցանկացողներ շատ կան: Մենք դասավանդում ենք ակադեմիական նկարչություն, սակայն ընդհանուր զարգացմանն ուղղված այլ ծրագրեր եւս անում ենք»: Կենտրոն հաճախում են 5 տարեկանից սկսած. «Մեծահասակները գալիս նկարում են, վարպետության դասեր են անցկացնում ու նաեւ՝ տարածքի վարձակալության հարցը հենց նրանց շնորհիվ ենք կարողանում իրականացնել»: Ո՞րն է Մուղդուսյան արվեստի կենտրոնի առանձնահատկությունը. «Հիմնականում մեր սոցիալական շեշտադրումը՝ հավասար հնարավորություններ բոլորին: Մյուս առանձնահատկությունն այն է, որ մեզ մոտ անսահման սեր եւ նվիրում կա»: Միջոցառմանը ներկա էր նաեւ Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը: Ի դեպ, նախարարությունը կենտրոնին նվիրաբերել է գրքեր: Իսկ արդյոք նախարարությունը կօժանդակի՞ Մուղդուսյան կենտրոնին՝ հաղթահարելու ֆինանսական եւ այլ տիպի խնդիրները, փոխնախարարը խոստացավ օգնել: