Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եվրոպական միության հայտարարությունը կեղծիքները լեգիտիմացնելու նշանակություն ունի» (տեսանյութ)

Քաղաքականություն
7e773500d3151ef13b4041a8e54ef6c9

Ինչպե՞ս կարելի է Հայաստանում հասնել մարդու իրավունքների լիակատար պաշտպանության այն պարագայում, երբ իշխանությունների մոտ իրավիճակը շտկելու ցանկությունը մեծ չէ ։ Բացի այդ,  չկա բավարար ճնշում միջազգային կազմակերպությունների կողմից։ Մարդու իրավունքների վերաբերյալ կոնֆերանսին հնչած հարցին պատասխանում է Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը։ «ԵՄ-ն այս հարցի շուրջ շատ հստակ դիրքորոշում ունի։ Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը՝ քաղհասարակության հետ ակտիվ շփումներով։ Առաջիկայում էլ 11 մլն եվրո կտրամադրենք իրավական ոլորտում բարեփոխումների համար, սակայն, երբ  զգանք, որ բարեփոխումներ չեն արվում, այլևս գումար չենք տա»։ Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի վերաբերյալ Եվրոպական միության հայտարարությունը կեղծիքները լեգիտիմացնելու նշանակություն ունեն։ Դիրկ Լորենցը քննարկման մասնակցի այս դիտարկումը չի կիսում։ «Երբեմն կարող է թվալ, որ միջազգային կազմակերպություններն իշխանությունների կողմն են բռնում, սակայն սա ավելի շատ Հայաստանի ու հայերի խնդիրն է»։ Խոցելի է մնում Հայաստանում կանանց իրավահավասարության հարցը։ Չնայած մեր երկրում կանանց 60 տոկոսը բարձրագույն կրթություն ունի, սակայն նրանք շարունակում են ոչ լիովին ներգրավված լինել հասարակական-քաղաքական կյանքում։ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրդելի Բուզետտոն նշում է.  «Խառնաշփոթ վիճակ է Հայաստանում կանանց իրավունքների առումով։ Նախարարներից միայն երկուսը և գյուղապետերից միայն 2 տոկոսն են կանայք։»։ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարն առանձնացնում է ընտանեկան բռնությունների դեպքերը։  Ցավոք՝ դեռևս Հայաստանում ամոթ է համարվում հրապարակային խոսել բռնության այս տեսակի մասին։ «Երբ ծնողները առավելություն են տալիս երեխաներից արու զավակին, մեխանիկորեն մեծանում է ընտանեկան բռնության հնարավորությունը»,- կարծում է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան։ Դեկտեմբերի 10-ը, որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջարկությամբ նշվում է սկսած 1950 թվականից։