Եթե ոստիկանը չի մասնակցել մարտի 1-ի սպանություններին, կգնամ դատարան
Դեկտեմբերի 11-ին ակտիվիստ Վարդգես Գասպարիին բերման են ենթարկելու դատարան: Նա իր դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում հրաժարվել է ներկայանալ դատարան: Գասպարին գրություն էր ուղարկել դատարան, որտեղ նշել է, որ շարունակելու է ընդդիմանալ դատարանի կամայականություններին: Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Նելլի Բաղդասարյանը որոշում է կայացրել նրան բերման ենթարկելու մասին: «Ոստիկանները, որ գան բերման ենթարկելու, ես ուղիղ հարցնելու եմ տվյալ սպային, եթե նա հավաստի, որ 2008 թ մարտի 1-ին անձամբ չի մասնակցել սպանություններին եւ բռնություններին, ես իր հետ կգնամ: Իհարկե, եթե հավաստի, որ ծառայության ընթացքում բռնություններ, խոշտանգումներ չի իրականացրել որեւէ քաղաքացու նկատմամբ: Այսինքն՝ եթե ոստիկանը օրինապահ է, ես նրա հետ կգնամ, իսկ եթե դա չանի, ես իր հետ չեմ գնա»,- ասաց Վարդգես Գասպարին: Այդ դեպքում Վարդգես Գասպարին կկասկածի, թե ոստիկանը մասնակցել է 2008 թ մարտի 1-ի սպանություններին: «Ինչ ուզում են կարող են անել, կարող են ձեռնաշղթաներով տանեն, դնեն դատարանում, դատեն, ես անզոր եմ, դրանից ավել չեմ անելու»: Ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդգես Գասպարին 2014 թ ապրիլի 7-ին Երեւանի Վարչական դատարանում, դատական նիստի ժամանակ, հայցվորի ներկայացուցիչներ՝ ՀՀ ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է վիրավորական արտահայտությունները՝ «Դուք հանցագործ սրիկաներ եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավականա մարդասպաններին ընդհուպ մինչև Վովա Գասպարյանին թաքցնեք ձեր փեշի տակ, վեց տարի է ի՞նչ եք անում, թափթփուկներ,հանցագործներ»։ Ապա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետևյալ վիրավորական արտահայտությունները `«Ձեր նման անարժանապատիվ եւ անինքնասեր դատավորներն են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք և անինքնասեր, որ ձեր գործակալական գործողությունն եք կատարում», «Դուք ստոր եւ անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա», որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ: