Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նոր Հայաստանի» եւ «Չեք անցկացնի»-ի անունները չեն հնչել «Արմենիա»-ով, «Հ2»-ով և Հանրայինով (տեսանյութ)

Հասարակություն
borya

ԱԺ 6 խմբակցություններից սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախորդող քարոզարշավի ժամանակ հեռուստաընկերություններն ամենից շատ լուսաբանել են «Այո»-ի կողմնակից ՀՀԿ-ին: Սակայն քարոզարշավին մասնակցող բոլոր կուսակցությունների ու ՀԿ-ների հաշվարկով՝ հեռուստաեթերով ավելի շատ հնչել է «ՈՉ»-ը: Սա Երեւանի Մամուլի ակումբի կողմից իրականացված «ՀՀ սահմանադրության փոփոխությունների 2015թ-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի լուսաբանումը Հայաստանում հեռարձակվող ԶԼՄ-ներում» մոնիտորինգի արդյունքներն են: Այն անցել է 3 փուլով, որին մասնակցել են համապետական 6 հեռուստաալիք՝ Հանրային հեռուստաընկերությունը, «Արմենիա»-ն, «Շանթ»-ը, «Հ2»-ը, «Երկիր Մեդիա»-ն եւ «Կենտրոն»- ը: «Մենք չենք արձանագրել նորմերի որեւէ ակնհայտ խախտում, ակնհայտ կողմնապահություն չի եղել, բոլոր հեռուստաընկերություններում փորձ է արվել կազմակերպել դեբատներ»,- նշում է Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը: Նա խոսեց նաև խնդիրներից և նշեց, որ հիմնական խնդիրները պայմանավորված էին նրանով, որ կարգավորման դաշտը լավ չէր մշակված հանրաքվեի համար: Ըստ նրա, թեև քարոզարշավը հոկտեմբերի 10-ից սկսվեց, բայց հեռուստաընկերությունները 6-ից մտան ակտիվ քարոզչության մեջ: Խնդիր է այն, որ ինչպես ընտրություններին, հանրաքվեի քարոզարշավին կարող էին մասնակցել միայն այն քաղաքական ուժերը, որոնք խորհրդարանում ներկայացված էին: ՀՀԿ-ի առավելությունը հետուստաընկերություններում Բորիս Նավարդյանն ավելի շատ կապում է Սերժ Սարգսյանի հարցազրույցի հետ. «Դա խախտում չէ, բայց այդ հարցազրույցը փոխեց պատկերը, քանի որ Սերժ Սարգսյանը ասոցացվում է հենց ՀՀԿ-ի եւ «Այո»-ի հետ: պարզ է, որ լրագրողները չէին կարող բաց թողնել հնարավորությունը հարցեր ուղղել նրան, քանի որ վերջին անգամ այդ հնարավորությունը եղել էր երկու տարի առաջ»,- նշում է Նավասարդյանն ու հավելում, որ օրինակ Հ2 ՀԸ-ն այդ միջոցառման լուսաբանման վրա է ծախսել սահմանդրական փոփոխությունների քարոզարշավի իր ամբողջ ժամանակի 49,7 տոկոսը: Մոնիթորինգը ցույց է տվել, որ կան հեռուստաընկերություններ, որոնք ընդհանրապես չեն լուսաբանել արտախորհրդարանական ուժերի քարոզարշավը: Օրինակ «Նոր Հայաստանի» եւ «Չեք անցկացնի» նախաձեռնությունների անունները չեն հնչել «Արմենիա», «Հ2» եւ Հանրային հեռուստաընկերություններով: