Հրապարակին հետեւում է քաղաքապետարանը, ոչ թե նախարարը. Ա. Արզումանյան
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը տեղյակ չէ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի այն հայտարարությունից, թե հանրահավաքների ժամանակ մարդիկ փչացնում են օպերայի շենքի պատերը կամ վնասում հրապարակի արձանները: «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում նա զարմացավ նախարարի հայտարարությունից. «Առաջին անգամ եմ լսում նման հայտարարություն, բայց վստահ եմ, որ յուրաքանչյուր բան երբ փչանում է, լինի թատրոնի շենք, թե մեկ այլ բան, մարդկանց ձեռքերով է փչանում: Դա ցուցարարներն են անում, թե ուղղակի մեր ոչ բարի քաղաքացիները, չեմ կարող ասել, բայց, այո, դեպքեր եղել են, որ պատերի վրա նկարել են եւ այլն: Հետո մեր խեղճ աշխատողները, շորերը ձեռքներին, սրբել-մաքրել են: Թատրոնի հրապարակը թատրոնինը չէ, դրան հետեւում է քաղաքապետարանը, ոչ մենք, ոչ էլ Հասմիկ Պողոսյանը, դրա համար զարմացա, որ նման հայտարարություն է արել: Եթե մերը լիներ, մենք թույլ չէինք տա, որ նկարեն, բայց իրավասու չենք»: Անդրանիկ Արզումանյանը նշեց, թե, որպես մարդ, դեմ է հանրահավաքների անցկացմանը, սակայն եւ հասկանում է, որ մարդկանց հրապարակ է անհրաժեշտ՝ իրենց ասելիքը բարձրաձայնելու համար: «Յուրաքանչյուր հավաքի մասնակիցների հետ խոսում ենք եւ ելքեր գտնում, թե ինչպես աշխատենք, որպեսզի իրար չխանգարենք»,-եզրափակեց նա: