Հուշաքար՝ ի պատիվ սրտաբան-ռադիոլոգ Կարեն Քյանդարյանի (տեսանյութ)
Կոմիտաս 63 հասցեում այսօր բացվեց սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր, ակադեմիկոս, սրտաբան-ռադիոլոգ Կարեն Քյանդարյանի հուշաքարը: Միջոցառմանը ներկա էին նրա ընտանիքի անդամները, բարեկամներն ու ընկերները: Կարեն Քյանդարյանի կինը՝ Իրինա Հովակիմյանը, «Ա1+»-ի հետ զրույցում շեշտեց, որ իր ամուսնու պատվին տեղադրված այդ հուշաքարը մեծ նշանակություն ունի իր համար. «Ես ուզում էի, որ մարդիկ իմանան, ճանաչեն, որ այս շենքում ապրել է այսպիսի անձնավորություն: Նա մեծ գիտնական էր, մեծ մարդասեր էր և Հայաստանում հենց նա հիմք դրեց սրտաբանությանը; Ես հոգեպես շատ հանգիստ եմ, շատ ուրախ եմ, որ մենք կարևորում և մեծարում ենք մի մարդու , ով իր կյանքը նվիրել է ժողովրդի առողջապահության զարգացման համար»: Հուշաքարը տեղադրվել է նրա ընտանիքի անդամների և Հայաստանի տեխնոլոգիական ակադեմիայի անդամների ջանքերով: Ակադեմիայի նախագահ Վանուշ Դավթյանը, ով Կարեն Քյանդարյանի ընկերներից է եղել, մեզ հետ զրույցում նշեց. «Մենք շատ էինք ուզում Կարեն Ալեքսանդրովիչի հիշատակը հավերժացնող հուշաքար դնել այստեղ և մենք դա արեցինք, որպեսզի մեր հետագա սերունդները ևս տեղյակ լինեն նրա մասին, իմանան, որ այստեղ բնակվել է նրա նման անվանի և հրաշալի մի մարդ: Նրա շնորհիվ էր, որ Հայաստանում բացվել է նաև ռադիոլոգիայի կենտրոնը: Բոլորը պետք է հիշեն, թե ինչ մեծ ներդրում է նա ունեցել հայկական բժշկության ասպարեզում»: