Փաստաբանները մեկ դրամ են պահանջում պալատի նախագահից
Խիստ նկատողություն ստացած փաստաբան Երվանդ Վարոսյանի հայցով դատական նիստը կկայանա հաջորդ տարվա փետրվարի 24-ին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի խորհուրդը հոկտեմբերի 9-ին որոշել էր խիստ նկատողություն հայտարարել փաստաբաններ Երվանդ Վարոսյանին եւ Տիգրան Խուրշուդյանին: Ըստ տեղեկությունների՝ փաստաբան Տիգրան Խուրշուդյանը վեճի ժամանակ պլաստմասե շիշ էր նետել փաստաբան Լուսինե Սահակյանի ուղղությամբ, իսկ Երվանդ Վարոսյանն էլ պաշտպանել էր իր կոլեգային եւ վեճը հասել էր քաշքշուկի: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարգապահական վարույթ էր հարուցել, արդյունքում փաստաբանները խիստ նկատողություն էին ստացել: Երվանդ Վարոսյանը բազմիցս է նշել, որ որոշումը կայացվել է ակնհայտ ապօրինի գործընթացի արդյունքում եւ այն անհիմն է: Փաստաբանը դիմել է դատարան՝ որոշումը մասնակի վերացնելու համար: Ի դեպ, փաստաբաններ Երվանդ Վարոսյանը եւ Լուսինե Սահակյանը եւս մեկ հայց են ներկայացրել դատարան՝ ընդդեմ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի եւ մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի՝ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը հատուցելու պահանջով: Փաստաբանները պահանջում են ամիսներ առաջ xnews.am կայքում իրենց պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող հոդվածի վերաբերյալ հերքում հրապարակել եւ ներողություն խնդրել: Նրանք որպես բարոյական վնասի փոխհատուցում սիմվոլիկ 1 դրամ են պահանջել: Գործը մակագրվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանին, սակայն դատական նիստի օր դեռ չի նշանակվել: