Սերժ Սարգսյանին 1000 ստորագրություն է ուղարկվել (տեսանյութ)
Այսօր անհատ տաքսու վարորդներին եւ տաքսի ծառայության ղեկավարներին ընդունել է ոչ թե ոստիկանապետը, այլ միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Սամվել Հովհաննիսյանը: «Ոստիկանապետը զբաղվածության պատճառով հանձնարարել էր, որ Սամվել Հովհաննիսյանը մեզ ընդունի: Մենք ներկայացրեցինք մեր առաջարկները, հիմա պետք է աշխատանքներ տանենք եւ իրավաբանների հետ աշխատենք»,- «Ա1+»-ին ասաց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հանձնարարականի կատարման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ճանապարհային երթևեկության ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու եւ հեռանկարային ծրագրեր առաջարկելու համար: Վարորդները պահանջում են համակարգային փոփոխություններ կատարել եւ ոլորտի վերահսկողությունը Տրանսպորտի եւ կապի նախարարությունից փոխանցել ճանապարհային ոստիկանությանը: «Տրանսպորտի եւ կապի նախարարությանը 6 ամիս առաջ ենք առաջարկը ուղարկել, պատասխան չկա»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը: Տաքսու վարորդները խնդրի լուծման համար դիմել են նաեւ Սերժ Սարգսյանին: «Այն, որ համակարգում փոփոխություններ են անհրաժեշտ, դա փաստ է եւ 1000 տաքսու վարորդի ստորագրությամբ նամակ է ուղարկվել նաեւ Սերժ Սարգսյանին»,- եզրափակեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: