«Կուզեմ՝ մեր պաշտոնյաները կարտոշկա տեղափոխող գրուզավիկի նման գազելներ նստեն» (տեսանյութ)
2016թ. պետական բյուջեի քննարկմանն այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ երկու լուր ունի՝ վատ եւ լավ. «Վատն այն է, որ եկող տարվա բյուջեն այս տարվա համեմատ շուրջ ութ մլրդ դրամով պակասել է՝ նպաստները, բյուջետային հիմնարկների աշխատավարձերը չեն ավելանալու: Փոխարենը ավելացել են պետական մարմինների ծառայողական մեքենաները՝ 83 հատով: Ու սա 2.8 միլիարդանոց բյուջե ունեցող երկրի պարագայում»: Նա կրկին բերեց Դանիայի օրինակը, որտեղի խորհրդարանն ունի ընդամենը 23 ծառայողական մեքենա: Պատգամավորը հայտարարեց, որ պաշտոնական հարցում է ուղարկել Դանիա ու մի պաշտոնյայից ստացել պատասխան, որ Դանիայում ծառայողական մեքենա ունի միայն ԱԺ խոսնակը. «Աչքերիս չեմ հավատում, նորից եմ նամակ գրում, ասում եմ՝ մի հատ խնդրում եմ սթափվեք, լրջացեք՝ ցելի խորհրդարանում միայն նա՞ ունի ավտոմեքենա: Այդ պաշտոնյան մնաց անհողդողդ, մնաց իր դիրքերում: Իսկ մեր ԱԺ-ում կա 82 ծառայողական մեքենա: ԱԺ նախագահը պետք է ունենա մեքենա, դա չի քննարկվում, սակայն մենք, լինելով հինավուրց ու վաստակաշատ ԱԺ, քարը գլուխը խմբակցությունների ղեկավարներն էլ պետք է ունենան: Լավ, առատաձեռն ենք՝ հանձնաժողովի նախագահներն էլ թող ունենան, լավ, ԱԺ աշխատակազմն էլ ձեզ նվեր: Բա մնացածներն ո՞վքեր են, էտ ո՞վքեր են»: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մոտավորապես նույն վիճակն է նաեւ կառավարության աշխատակազմում՝ ամեն երեք աշխատողի մեկ մեքենա է հասնում. «Առանց օֆ անելու ԱԺ-ն ընդունում է կառավարության շըփ-թըփ ընդունած որոշումները հետո անցնում է մեկ-երկու տարի, ասում ենք՝ արա էս ի՞նչ ենք անում՝ ունքը շտկելու տեղը, աչքն ենք հանում: Նույնը եղավ նույնականացման քարտերի հետ՝ ինչքան գրանտային միջոցներ ծախսվեցին դրա համար: Ես կուզենամ մեր պաշտոնյաները ամեն առավոտ կռացած ու կարտոշկի գրուզավիկի նման տեղափոխող գազելներ նստեն ու գնան, ինչպես ստիպում են տարեցներին ու դեռատի աղջիկներն»: Պարոն Փաշինյանի խոսքերով՝ եթե մեր պաշտոնյաներն աշխատեին Դանիայում, ապա ոչ թե «բրանիրովըննիյ լիմուզիններով գործի կգնան, այլ պալասատովիյ շապիկներով օրը երկու անգամ զբոսանքի»: Նրա ասելով՝ նշված 1072 ծառայողական մեքենաների մեջ չեն մտնում, իր խոսքերով, ախրանայի մեքենաները, ՊՆ-ի, Ոստիկանության, ԴԱՀԿ-ի, հարկային ծառայության, ԿԲ-ի, քաղաքապետարանի, գյուղապետարանների ավտոմեքենաների թիվը. «Եթե սրանք էլ գումարենք, ապա մենք կանցնենք ԱՄՆ-ին, Չինաստանին, ՌԴ-ին ու Հնդկաստանին: Մինչ սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզարշավ է, իրականում մեր կառավարման համակարգի անունն է «չնաշխարհիկ պադավատապետություն» պետական կարգ»: Ինչպես միշտ արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ասելով. «Չարագործությունը կարող է նաեւ դրական հետեւանքներ ունենալ: ՀՀ ԱԺ-ն եւ մեքենաների, եւ ֆինանսական առումով Դանիայի հետ համեմատած ծիծաղելի իրավիճակում է: Դրանք անձին սպասարկող մեքենաներ չեն: Դրանք ուղղված են տվյալ հանձնաժողովին, ոչ թե անձին: Եթե այդ մեքենաները չլինեն, մի քանի անգամ ծախսերը կշատանային, քան այս դեպքում: Ես էլ շատ կուզենամ, որ այնպիսի մթնոլորտում ապրեինք, որ հեծանիվով ման գայինք, անվտանգություն չլիներ. ամեն մի պետություն այնպես է ապրում, որ սուղ միջոցներով առաջ գնա: Ես չեմ հասկանում ՝ այդ խանդը որտեղից է գալիս: Մեր ընդհանուր բյուջեն ընդամենը աշխատավարձ է: Ի դեպ, այդ ութսուներկու ավտոմեքենաներից երեսունը՝ որպես լոմ, կանգնած է: Եքա գերանը չտեսար, ասեղը տեսար»: