«Սիրիայի ղեկավարությունն ավելի լավ է վերաբերվում մեզ, քան Հայաստանինը»
33-ամյա Նազարեթ Կույումջյանը մեկն է այն սիրիահայերից, ով առեւտուր է անում Վերնիսաժի տարածքում: Նախկինում ոսկերիչ, իսկ այժմ արծաթագործ Նազարեթն ապշել է՝ Երեւան ժամանելով:
«Երբ Երեւան եկա, այս շենքերը, հոթելները, ավտոները տեսա, ասի՝ ուրեմն Հայաստանը հարուստ երկիր է: Այդ շենքերի մի հարկը եթե հալեպցիներին տան, շատ աղվոր, ավելի լավ երկիր կըլլա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Նազարեթը, ով Հալեպում ոսկու խանութ ուներ, սակայն այժմ ստիպված է արծաթագործությամբ զբաղվել: Ասում է՝ Հայաստանում ժողովուրդը հաց ուտելու փող չունի, ուր մնաց թե ոսկի գնի:
Երիտասարդի միակ խնդիրն այն է, որ շաբաթ-կիրակի թույլ չեն տալիս առեւտրով զբաղվել Վերնիսաժում:
«Վերնիսաժի ղեկավարությունն ընդունեց մեզ, բայց տեղի համար նեղություններ կպատճառեն: Սեղանը չեն տալիս, ասում են՝ 20 տարի է՝այս սեղանը տեր ունի: Մենք ալ այդ արժանի չենք: Մեր խանութները, մեր ֆիրմաները 5 աստղանի հոթելների մեջ էին Հալեպ»,-պատմեց նա՝ շարունակելով.
«Սփյուռքի նախարարությունը միշտ կասեր՝ հելեք, եկեք, ձեր տունը հոս է: Լավ՝ եկա, բայց ի՞նչ պիտի անեմ: Ասում են՝ մենք պատրաստ ենք սուրիացիներուն օգնել, բայց այդ ամենը սուտ է, վրադ խնդալու պես է: 300 դոլարանոց տունը 500 դոլարով ինձի կուտան: Ասում եմ՝ հարեւանս նույն տունը կես գնով է վարձել, ասում է՝ սեզոն է: Սպասեմ՝ ձմռա՞նը գամ»,-դժգոհեց երիտասարդը:
Մեր թղթակցի հարցին՝ ինչու՞ որոշեց հենց Հայաստան գալ եւ ոչ այլ երկիր, Նազարեթը պատասխանեց. «Ինձ առաջարկ ըլլավ Լիբանան, բայց նեղություն կպատճառեն հայերին, վռնդելու վախ ունինք: Կանադա էլ առաջարկ եղավ, բայց այս տարիքիս պիտի երթամ լեզու սովորիմ, տեղ մը պիտի բանտարկվեմ, նախընտրեցի գալ իմ Հայրենիքը»:
Նազարեթը վստահ է, որ սիրիական հարցը կարգավորվելու է, եւ մինչեւ հունվար փոփոխություններ են լինելու:
«Եթե Հալեպ լավ լինի, հայերի 90 տոկոսը կվերադառնա: Սիրիայի կառավարությունը, նախագահ Բաշար Ալ Ասադն, իրոք, մեր հանդեպ շատ-շատ լավ էր, Հայաստանի ղեկավարությունից, նախարարությունից լավ»:
Ի տարբերություն 33-ամյա Նազարեթ Կույումջյանի, 60-ամյա Նազարեթ Արոյանն այլեւս երբեք չի վերադառնա Սիրիա, քանի որ կարծում է, որ անգամ պատերազմի ավարտից հետո հասարակությունն այլեւս նույնը չի լինելու: Նա էլ Հալեպում խանութներ է ունեցել, զբաղվել է պարսկական գորգերի վաճառքով: Նազարեթը թեեւ այս պահին իր ընտանիքի հետ վարձով է մնում, բայց արդեն իսկ բնակարան է գնել եւ շուտով տեղափոխվելու է: Գորգավաճառի միակ մտավախությունը ձմեռն է: Խնդրում է գոնե Վերնիսաժում տաղավար հատկացնեն ծածկի տակ: