Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավ կլինի՝ թուղթը երկու կողմից օգտագործել

Հասարակություն
ffcd315d9badefc6daa07248ba9a1011

Աշխարհը գնալով ավելի շատ է սկսել խոսել կանաչ տնտեսության մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն՝ անդրադառնալով կանաչ էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նպատակներին ու դրանց իրականացմանը ՀՀ-ում ու աշխարհում: Ըստ նրա՝ պետական պաշտոնյաները դա փորձում են նաեւ ներկայացնել բիզնես շահերից. «Գլոբալ վերադասավորումների արդյունքում, եթե բիզնեսը պետք է մրցունակ լինի, ապա պետք է ռեսուրսախնայող լինի: Օրինակ՝ մի ընկերության թափոնները կարող են օգտագործել մեկ ուրիշի վերամշակման համար, որ նա սկսի իր բիզնեսը, որն էլ իր հերթին կբերի տվյալ ապրանքի ինքնարժեքի նվազեցմանը»: Պարոն Մակարյանն ափսոսանք հայտնեց, որ այսօր շատ քիչ տնտեսություններ կան ՀՀ-ում, որ միտված են կանաչ տնտեսությանը. «Օրինակ՝ թղթեր քիչ օգտագործեն՝ թուղթը երկու կողմից օգտագործեն կամ որոշ նամակներ էլեկտրոնային տարբերակով ուղարկեն: Պետք է լինեն նաեւ կանաչ աշխատատեղեր. աշխատավայրը պետք է լինի կանաչ տնտեսությանը միտված էլեմենտներով՝ եթե տաք է սենյակը, ավելորդ ջեռուցում կամ էլեկտրաէներգիայի սպառում չլինի, խնայենք այն: Լավ կլինի, որ գործատուի մոտ գան կադրեր, որոնք գաղափար ունեն կանաչ տնտեսությունից»: Նա նաեւ ընդգծեց, որ այսօր պետական ապարատում կաշառակերությունն այնքան ընդլայնված է ու գնումների ոլորտն այնքան այլասերված, որ որոշիչը միշտ փողն է դառնում. «Ես մեծ հույս եմ կապում մի մոդելի հետ, որ միջազգային շատ կազմակերպություններ ձգտում են պայմանագիր կնքել հայկական այն ընկերությունների հետ, որոնք ունեն կանաչ տնտեսություններ»: Գագիկ Մակարյանի համոզմամբ՝ կանաչ տնտեսության արդյունքում հնարավոր է սահմանափակել նաեւ հանքարդյունաբերությունն ու նրա բերած վնասները. «Սակայն չպետք է բացառել, որ այստեղ կա նաեւ շահերի բախում. հանքարդյունաբերությունը երաշխավորված շուկաներ  ունի, եթե նրանից հրաժարվենք, ապա մենք կզրկվենք արտարժույթից: Կարծում եմ՝ ուժեղացնելով մեր երկրում ՓՄՁ-ն՝ մենք կկարողանանք հանքարդյունաբերության նշանակությունը թուլացնել, թեեւ այն հիմա մեզ համար գերակա նշանակություն ունի»: Ասուլիսի մյուս բանախոս «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, ՀՊՄՀ էկոլոգիայի եւ կայուն զարգացման ամբիոնի վարիչ Կարինե Դանիելյանն իր կողմից նշեց, թե ինչպես պետք է վարվել արտադրական թափոնների հետ. «Պետք է ստեղծել ինդուստրիալ էկոհամակարգեր: Այսինքն, մի քանի ընկերություն միանում են, որպեսզի իրականացնեն կանաչ տնտեսություն՝ մեկի թափոնը մյուսի համար ռեսուրս սարքելով»: Նա ընդգծեց, որ իրենց ամբիոնն առաջարկել  էր ավագ դպրոցի ավարտական դասարանում անդրադառնալ այս թեմային. «Ստացանք մերժում՝  դպրոցը գերծանրաբեռնված է պատճառաբանությամբ: Հետո պարզվեց թյուրիմացություն էր՝ սխալ էին հասկացել մեր նամակը: ԿԳ նախարարի հետ հանդիպմանը նա սկզբունքորեն իր համաձայնությունը տվեց՝ ասելով, որ ծրագիր ներկայացնենք»: