Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նա նկարում էր Երևանի բակերը, տներն ու շուկաները (տեսանյութ)

Մշակույթ
sedrak

Նա նկարում էր Երևանի այգեստանները, բակերը, տներն ու շուկաները, սակայն, ստեղծագործական տարերքը գյուղն էր ու հայրենի բնաշխարհը: Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց բնանկարի մեծ վարպետ Սեդրակ Առաքելյանի կտավների հետահայաց ցուցադրությունը: Գեղանկար, գրաֆիկա, էտյուդներ ու էսքիզները` շուրջ 150 աշխատանք: Սեդրակ Առաքելյանը խորհրդահայ գեղանկարչության հիմնադիրներից է: Ծնվել է 1884-ին Նախիջևանի Ջաուկ գյուղում: Ուսանել է Թիֆլիսի և Մոսկվայի գեղարվեստի ուսումնարաններում: Նրա արվեստը ձևավորվել է իր ուսուցիչ Եղիշե Թադևոսյանի և ռուսական ռեալիստական նկարչության գեղանկարչության ազդեցությամբ։ Սեդրակ Առաքելյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, մասնավոր հավաքածուներում: Ի դեպ, հինգ տարի առաջ Գեղարվեստի ակադեմիան ազգային պատկերասրահին նվիրաբերել էր մի քանի տասնյակ մոռացության մատնված նկարներ, որոնք հայտնաբերվել էին վերանորոգման աշխատանքների ժամանակ ակադեմիայի գրադարանում, գրադարակների հետևում, այդ թվում և՝ Սեդրակ Առաքելյանի վաղ շրջանի մոդեռն ոճով նկարված քսան աշխատանքները: Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները տևել են երեք տարի: Կտավներից շատերը ցուցադրվում են առաջին անգամ, նաև՝ իր երկրորդ ծնունդը ստացած «Սասնա Դավիթը»: Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 30-ը: