Հանրաքվեի կարելի է ներկայանալ՝ առանց բնակության հասցեի (տեսանյութ)
ԱԺ-ում «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ բազմիցս քննարկել են իր հեղինակած նախագիծը, եւ այդ քննարկումներն ավարտվեցին իշխող մեծամասնության կողմից օրինագիծը տապալելով. «Իսկ ձեր նախագիծը շատ կարճ է քննարկվել ու միանգամից մտել է օրակարգ, իսկ հիմա մենք փորձում ենք ստանալ մեր մի շարք հարցերի պատասխաններ»: Պատգամավորը մասնավորապես հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է իրականացվելու բնակության հասցեների առումով ընտրացուցակների վերահսկողությունը, երբ նույնականացման քարտի վրա չկա նշված հասցե. «Իսկ ընտրատեղամասերում նորահայտ կամ անհայտ մարդկանց հայտնվելը պատմական փաստված դեպքեր են: Ես պատկանում եմ այն անձանց թվին, որոնք գործուն ազդեցություն են ունենալու հանրաքվեի հսկողություն ու օրինականություն ապահովելու համար: Հիմա իմ գործընկերներին հետաքրքրում է՝ ինչպե՞ս ենք իրականացնելու հսկողությունը ըստ հասցեների»: Հիմնական զեկուցողը ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը նախ շնորհակալություն հայտնեց Տիգրան Ուրիխանյանին, որ նմանատիպ նախագիծ ներկայացողն առաջինն ինքն է եղել եւ ապա նշեց, որ նրա ու այժմ քննարկվող նախագծերի տարբերությունն այն է, որ պատգամավորն առաջարկում է նույնականացման քարտերով թույլ տալ մասնակցել հանրաքվեին էլեկտրոնային համապատասխան տեխնիկայի տեղադրման պարագայում՝ այդպիսով իրականացնելով վերահսկողություն. «Սակայն դա կարող է ունենալ ոչ միայն ֆինանսական հետեւանքներ, նաեւ ժամկետների, ուսուցման խնդիրներ, որոնց պարագայում 18 հազարից ավելի հանձնաժողովների անդամների համար դա կարող է լինել բարդություն: Յուրաքանչյուր քաղաքացի, որպեսզի հայտնվի ընտրացուցակում, պետք է ունենա որեւէ տեղ հաշվառում: Ի դեպ, հանրաքվեից քառասուն օր առաջ ԿԸՀ-ն ընտրացուցակները փակցնում է ընտրատեղամասերում, իսկ հիմա արդեն իսկ կան ԿԸՀ կայքէջում»: Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ ինքը հարց բարձրացրեց ոչ թե գովեստների արժանանալու, այլ խնդրին լուծում ստանալու համար. «Իսկ ձեր խոսքից ստացվեց, որ քաղաքացին հանրաքվեի է ներկայանալու նույնականացման քարտով, որը բնակության հասցե չի պարունակում եւ հետեւաբար հնարավոր չի լինելու այն համադրել ընտրացուցակներում եղած հասցեների հետ: Արդյունքում այդ վերահսկողությունը թողել եք դիտորդների ու վստահված անձանց վրա»: