Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լրագրողն արդեն իսկ իր ձեռքում լծակ ունի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
f488d1577c50e7196335ed9461d93a12

Սահմանադրական դատարանն իր որոշմամբ դրական կազդի մեդիա դաշտի վրա։ Փորձագետներն այսպես են գնահատում որոշումը, ըստ որի լրատվամիջոցին կարելի է պարտավորեցնել բացահայտել տեղեկատվության աղբյուրը միայն անձի կյանքի պաշտպանության, ծանր հանցագործությունը կանխելու համար։ «Եթե իրավապահ մարմիններն ուշադիր կարդան այդ որոշումը՝ նրանք այլևս պետք է չդիմեն լրագրողներին և լրատվամիջոցներին՝ տեղեկատվական աղբյուր բացահայտելու համար և ավելորդ կոնֆլիկտներ այլևս կարող են չստեղծել»,- կարծում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: ՍԴ դիմել էին «Հրապարակ» եւ «Իլուր» լրատվամիջոցները, երբ դատարանները նրանց պարտադրել էին բացահայտել տեղեկատվության աղբյուրը՝ կապված Գյումրիի նախկին ոստիկանապետի հետ։ Նախկինում էլ են եղել բազմաթիվ դեպքեր, սակայն այս դեպքն իր բնույթով տարբեր էր: «Սա առաջին սուր դեպքն էր, երբ այն մի կողմից լայն հասարակական արձագանք ստացավ, մյուս կողմից՝ լրատվամիջոցները շատ ավելի ուժեղ ճնշման ենթարկվեցին»,- ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը: Սահմանադրական դատարանի որոշումը կարող է առողջացնել լրատվամիջոցներ- իրավապահ համակարգ հարաբերությունը: Գևորգ Հայրապետյանը կարծում է՝ լրագրողն արդեն իսկ իր ձեռքում լծակ ունի: «Եթե վաղը ինչ-որ մի քննիչ կկանչի լրագրողին ու կասի՝ ես սենց եմ քեզ պարտադրում ու կպարզվի, որ նա չի հասկացել ու չի անում այնպես, ինչպես Սահմանադրական դատարանն է ասել, լրագրողը կարող է հղում անել Սահմանադրական դատարանի որոշման վրա»: Սահմանադրական դատարանի որոշումից հետո կարիք չի լինի, որ Ազգային ժողովը օրենսդրական փոփոխություններ կատարի ԶԼՄ-ների մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում և Քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածներում՝ կարծում է Աշոտ Մելիքյանը: Դատարանը պարզապես հստակեցրեց օրենքների սահմանումները: